Հայաստան

Ազդեցիկ կանանց միջազգային 2-րդ համագումարը կանցկացվի Հայաստանում

Հունվարի 20-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Կանաչ արահետ» ՀԿ մարկետինգի խորհրդատու, ծրագրերի համակարգող Ստելլա Սարուխանյանը մասնակցել են ԻԻՀ-ում անցկացվող «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»:

Աննա Հակոբյանը ևս, ելույթով է հանդես եկել, գործընկերներին ներկայացրել է Հայաստանում կանանց ներգրավածությանը մակարդակը քաղաքական ոլորտից մինչև առողջապահություն, կրթություն և անգամ Զինված ուժեր:
Աննա Հակոբյանը գործընկերներին է ներկայացրել նաև խաղաղություն հաստատելու նպատակով իր ստեղծած «Կանայք հանուն արդարության» նախաձեռնությունը, որի նպատակն է պայքարել պատերազմների դեմ, միավորել և բարձր հնչեցնել կանանց ձայնը:
Նախաձեռնությանը խանգարեց Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը:

Ներկայացնելով Հայաստանի առաջ ծառացած խնդիրները 44-օրյա պատերազմից մինչև Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիա, պահվող գերիներ, անհետ կորածներ, չդադարող հարձակումներ, հերոսների պղծված մարմիններ, հողին չհանձնված նահատակներ, վարչապետի տիկինը ներկաների ուշադրությունը հրավիրել է վերջին օրինախախտմանը ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ կյանքի ճանապարհի փակմանը, 120.000 հայի զրկելով առողջապահական, կրթական և անհրաժեշտ կենսական տարրական պայմաններից: Մեկ ամսից ավելի է երեխաները զրկված են ծնողներից, կանայք իրենց ամուսիններից իր խոսքում ընդգծել է Աննա Հակոբյանը:
Վարչապետի տիկնոջ խոսքով, այս ամենը հետապնդում է Արցախում ապրող հայերին էթնիկ զտման ենթարկելու մտադրություն: Իսկ այս ամենը կանխելու համար, ըստ վարչապետի տիկնոջ, անհրաժեշտ է ողջ միջազգային հանրության հասցեագրված ու դատապարտող արձագանքը:
Համագումարի առաջին հատվածից հետո վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Թեհրանի միջազգային ցուցահանդեսների սրահ։ Այս օրերին այնտեղ ներկայացված են բացառապես կանանց ներգրավվածությամբ պատրաստված ապրանքնատեսակներ։ Աննա Հակոբյանը շրջել է տաղավարներով, շրջայցի ընթացքում պատասխանել նաև իրանական ԶԼՄ-ների հարցերին և կիսվել ցուցահանդեսից ստացած տպավորություններով։
Ֆորումի եզրափակիչ լիագումար նիստին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած 300-ից ավելի կանայք՝ գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտների ներկայացուցիչներ, բարձրաստիճան կին պաշտոնյաներ, նախարարներ ու առաջին տիկիններ։
Համագումարի ընթացքում կրկին ելույթով հանդես եկավ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ իր երախտագիտությունը հայտնելով համագումարի կազմակերպիչներին՝ ԻԻՀ առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդային և ԻԻՀ նախագահի՝ կանանց և ընտանիքի հարցերով տեղակալ Էնսիե Խազալիին։
Նա ներկաներին պատմեց 2020-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, ընդգծեց, որ դա պատերազմ էր ընդդեմ ազատության, ժողովրդավարության և խաղաղության։ Հիշեցրեց, որ պատերազմի օրերին, խաղաղություն հաստատելու համար բաց նամակով դիմել է մի շարք պետությունների առաջին տիկիններին։ Շարունակեց ներկայացնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ներկայիս իրավիճակը, երբ 120․000 հայ շրջափակման մեջ է և երազում է խաղաղության մասին, կրկին միասնականության կոչով դիմեց ներկաներին, առաջարկեց մեկտեղել ջանքերը։
Իր ելույթի վերջում նա ներկաներին տեղեկացրեց, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել ու անցկացնել «Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը»։
Իրանի առաջին տիկինը ողջունեց հաջորդ ֆորումը Հայաստանում անցկացնելու Աննա Հակոբյանի գաղափարը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում երկրորդ համագումարը Հայաստանում կանցկացվի:
Համագումարի ավարտին հուշագիր է ստորագրվել, ըստ որի մասնակից բոլոր երկրները կգործակցեն գիտական, մշակութային, առողջապահական, սպորտի ոլորտներում։ Ըստ փաստաթղթի՝ պետք է ստեղծվի գենդերային հավասարության հարթակ և ֆոնդ, որտեղ հավաքված գումարը կհանձնվի ամեն տարի անցկացվող փառատոնի հաղթողներին։
Համագումարին մասնակից առաջին տիկինները նաև նամականիշ են մարել և կարևոր ներդրում կատարած ազդեցիկ մի քանի կանանց մրցանակներ են հանձնել։
Համագումարի ավարտից հետո ՀՀ վարչապետի տիկինն ու ԻԻՀ առաջին տիկինը առանձնազրույց են ունեցել և պայմանավորվել հետամուտ լինել համագումարը Հայաստանում անցկացնելու կազմակերպչական աշխատանքներին։
Ջամիլե Սադաթ Ալամոլհոդան առանձնազրույց է ունեցել նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։

 

Հետևեք մեզ Telegram-ում։