Հայաստան

«Մոսկվայի խաղաղության պայմանագրի նախագիծը անորոշ ժամանակով հետաձգում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Թոմաս դը Վաալ

«Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան, ԼՂ հակամարտության մասնագետ Թոմաս Դը Վաալը անդրադարձել է հայ-ադրբեջանական վերջին բախումներին, Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ու Հայաստանի առջև ծառացած հեռանկարներին։ 

Ըստ Վաալի՝ Ադրբեջանի ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում լուրջ վնաս են հասցրել կարգավորման հնարավորություններին. «ԵՄ միջնորդությամբ բանակցությունները՝ միակ կենսունակ, խաղաղ բանակցությունները, ավելի մեծ միջազգային աջակցության կարիք ունեն»։  Վաալը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության, սահմանազատման ու սահմանագծման բանակցություններում Ռուսաստանի դերակատարմանը. «Ռուսաստանը դեռևս հզոր շահեր ունեցող միջնորդ է, նույնիսկ եթե նրան չեն վստահում որպես ազնիվ միջնորդի։ Հաղորդվում է, որ Մոսկվան նաև հանդես է եկել խաղաղության պայմանագրի նախագծով, որն անորոշ ժամանակով հետաձգում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, մի բանաձև, որը հայերին ավելի շատ է դուր գալիս, քան եվրոպական առաջարկը»։ 

Իր խոսքում Վաալը նաև նշել է, որ որպեսզի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը հաջողության հասնի, Շառլ Միշելի գործընթացը, որը ներկայումս միակ կենսունակն է, շատ ավելի ուժեղ պիտի աջակցվի Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ անդամ երկրների և Միացյալ Նահանգների կողմից. «Եթե այն ձախողվի, երկու տխուր այլընտրանքներն այն են, որ միջնորդությունը կրկին կտրվի Մոսկվային, կամ ավելի վատ՝ երկու կողմերը կպատրաստվեն հաջորդ պատերազմին»։ 

Ի եզրափակումն, Վաալը գրել է. «Խնդիրը, որ 1991 թվականից ի վեր հետապնդում է հայ-ադրբեջանական հակամարտության բոլոր միջնորդներին, այն է, որ ոչ ոք գին չի վճարում «ոչ» ասելու համար։ Առաջնորդները կարծում են, որ կարող են հրապարակավ հրաժարվել այն ամենից, ինչի մասին պայմանավորվել են մասնավոր հանդիպումներում, խաղալ ժամանակի կամ ուժ գործադրելու հեռանկարով»։