Ըստ շրջանառվող լուրերի՝ իշխանական կուլիսներում սկսել են քննարկել ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու հավանականությունը։ Ընդդիմադիրները, սակայն, պնդում են՝ իրենք այդ տարբերակին համաձայն չեն։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց, թե նոր ընտրությունների գնալու մասին խոսելը տեղին չէ. «Մենք մի անգամ տեսել ենք այս իշխանությունների կազմակերպած ընտրությունները և որևէ վստահություն չունենք, որ երկրորդ անգամ կազմակերպվածը ավելի լավն է լինելու։ Հետևաբար, մեր նպատակն է՝ ցույցերի, խաղաղ անհնազանդությունների շարունակական գործողությունների արդյունքում հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, և ձևավորվի նոր ժամանակավոր կառավարություն»։
Պատգամավորի կարծիքով՝ Ոստիկանության բռնի գործողություններից արդեն ակնհայտ է, որ իշխանությունների թիվ մեկ նպատակը խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող մարդկանց վախեցնելն ու ցույցերը ցրելն է. «Ակնհայտ է նաև, որ ընդդիմության կազմակերպած ցույցերը գնալով ավելանում են, և անհնազանդության ակցիաները ոչ միայն չեն դադարում, այլև նոր թափ են հավաքում։ Հետևաբար, միայն սրելով՝ իրենք իրենց նպատակին չեն կարող հասնել»։
Ինչ վերաբերում է ընդդիմության գործողությունների ժամկետներին՝ Գրիգորյանն ասաց, թե որևէ հստակ ժամկետ նշելը տեղին չէ. «Ակնհայտ է, որ երթերի, բողոքի գործողությունների ուժգնությունը շարունակական աճ է գրանցում։ Մենք ամեն օր և շաբաթ ավելի մեծ ուժգնությամբ ենք իրականացնում մեր գործողությունները, և երեկվանից ակցիաները նոր թափ են ստացել, այսօր ավելի ուժեղ են եղել, վաղն առավել ուժեղ պետք է լինեն։ Այս տրամաբանությամբ առաջ ենք գնալու՝ մինչև այն պահը, երբ ոստիկանական ուժերը այլևս չկարողանան ինչ-որ հակազդեցություն դրսևորել, և Նիկոլ Փաշինյանն էլ հասկանա, որ, ոստիկանական ուժերի հետևում վախկոտի նման թաքնվելով, որևէ հարց չի կարող լուծել»։
Ըստ Գրիգորյանի՝ քաղաքական ճգնաժամն ավելի է խորանում. «Մենք հստակ հայտարարել ենք, որ քաղաքական այդ ճգնաժամը լուծելու համար պետք է տեղի ունենա Նիկոլ Փաշինյանի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում ազգային ուժերի կողմից, որը կլուծի իր առջև դրված խնդիրները՝ նախ՝ անվտանգության հարցերն ու արտաքին քաղաքական խնդիրները»։
Մարիամ Սարգսյան