Շուրջ մեկ ամիս է՝ ընդդիմությունը դուրս է եկել փողոցային պայքարի՝ պնդելով, որ այն շարունակվելու է՝ մինչև հեռացնեն իշխանությանը:
Ըստ քաղաքագետ Էդվարդ Անտինյանի՝ ընդդիմությունը չի հաջողում, քանի որ ծրագրերն ազնիվ չեն: Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետը տեսակետ հայտնեց, որ դա շատ լավ հասկանում է նաև հասարակությունը և չի պաշտպանում ընդդիմությանը. «Վերջիններս ակնկալում էին, որ ժողովուրդը կմիանա, և ընդվզում կկազմակերպեն, բայց ժողովուրդը չի միանում: Նրանք մեկ հայհոյում են ժողովրդին, մեկ՝ սիրաշահում, մեկ՝ ահաբեկում: Իրենք մոռանում են մի բան՝ 2018-ին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը դուրս էին եկել փողոց՝ սակավ ուժերով, ոստիկանությունը փորձում էր նրանց հեռացնել, բայց հասարակությունը պաշտպանում էր, հետո՝ միանում, նրանց հետո փողոց փակում: Ոստիկանությունը հասկացավ, որ անզոր է: Այսօր ուժով փորձում են փողոց փակել, բայց հասարակությունը չի միանում, է՛լ ավելի է դժգոհում: Նրան դուր չի գալիս այս ամենը, որովհետև ինքը դրան մասնակից չէ»:
Անդրադառնալով ընդդիմության պնդմանը, թե ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է, քաղաքագետը հակադարձեց. «Իշխանությունը ընտրություններով 5 տարի պաշտոնավարելու մանդատ է ստացել, իսկ ընդդիմությունն ասել է, որ ցանկացած առիթ օգտագործելու է՝ նրանց տապալելու համար: Նշանակում է՝ իշխանության ցանկացած հայտարարություն պետք է էմոցիոնալ կերպով «ծաղկեցնեն», որ ժողովրդին հորդորեն դուրս գալ փողոց: 5000 հոգու շարժման ճգնաժամը ո՞րն է: Եթե ամեն 5000 հոգին երկրում կարողանա ճգնաժամ ստեղծել, ուրեմն մենք պետություն չունենք: Այդ դեպքում ամեն 5000 հոգին կարող է փողոց դուրս գալ ու իր վարչապետին առաջադրել»:
Ինչ վերաբերում է ընդդիմության առաջնորդներից՝ Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, թե իրենք վերադառնալու են ԱԺ, բայց իրենց օրակարգով, Անտինյանն ասաց. «Փորձն արդեն ցույց է տվել, որ երբ ընդդիմությունն ասում է՝ սա մանդատների կռիվ չէ, կարող ենք հրաժարվել մանդատներից, բայց պահում ենք, որ օգտագործենք պայքարի համար, դա իրական չէ: Երբ ցանկանում են վերադառնալ այն խորհրդարան, որտեղից դուրս են եկել փողոց և իրենց գործընկերների մասին ավելի կոպիտ կերպով են արտահայտվում, ինչպե՞ս են հետ գնալու: Եվս մեկ անգամ ցույց տվեցին, որ իրենց համար կարևորը մանդատն է, որովհետև երբ հասկացան, որ կարող են մանդատից զրկվել, ինչ-որ պատրվակով կվերադառնան խորհրդարան»: