Քաղաքական

«Ֆրանսիայի հրապարակ եկողներին որևէ մեկը չի ընտրում». Հակոբյան

«Ֆրանսիայի հրապարակ եկողներին որևէ մեկը չի ընտրում». Հակոբյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր, թե Ֆրանսիայի հրապարակում կան մարդիկ, որոնք իր համար անընդունելի են. «Ես իրենց՝ այստեղ գտնվելը համարում եմ հարված շարժմանը, անուններ չեմ հնչեցնելու»,- ասել էր ԱԱԾ նախկին պետը։

Radar Armenia-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը չհստակեցրեց՝ ում նկատի ունի Վանեցյանը. «Ասվել է, որ այդ մարդիկ կարող են շատ տարբեր լինել՝ կրիմինալ անցյալով կամ այլ բնույթի, բայց մարդիկ բոլորին լավ ճանաչում են, և հանրային կարծիքը հիմնականում համընկնում է այդ գնահատականին»։

Մեր հարցին՝ Վանեցյանը նկատի ունի Ռոբերտ Քոչարյանի՞ն, նրա որդի Լևոն Քոչարյանի՞ն, թե՞ Իշխան Սաղաթելյանին, որոնք ակտիվ են այս օրերին, կուսակցության խոսնակը նշեց, որ դա պետք է մեկնաբանի միայն Արթուր Վանեցյանը։

Հակոբյանը չի կարծում, թե նման հայտարարությունները կխանգարեն ընդդիմության գործողություններին. «Չեմ կարծում։ Քաղաքացիները պետք է հասկանան, որ որևէ մեկը չի ընտրում այն մարդկանց, որոնք գալիս են հրապարակ։ Մեծամասամբ գալիս են պատվարժան քաղաքացիներ, կարող են նաև գալ մարդիկ, որոնց կերպարը լավ չի ընկալվում հանրության կողմից։ Բայց պետք  չէ մտածել, որ ընդդիմությունն է այդ մարդկանց առավոտյան բերում Ֆրանսիայի հրապարակ»։

Խոսնակի խոսքով՝ Արթուր Վանեցյանն այդ հայտարարությունն արել է նրա համար, որ քաղաքացիները ընկալեն և չհիասթափվեն՝ Ֆրանսիայի հրապարակում նման մարդկանց տեսնելու դեպքում։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական