Քաղաքական

«Ընդդիմությունն անտաղանդ է գրագողության հարցում». Սամսոնյան

«Ընդդիմությունն անտաղանդ է գրագողության հարցում». Սամսոնյան

Radar Armenia-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը անդրադարձել է ընդդիմության բողոքի ակցիաներին։

- Ընդդիմությունը մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ է իրականացնում, պահանջելով իշխանությունների հեռանալը։ Հայաստանում ստեղծված ներքաղական այս իրավիճակը ինչպե՞ս կգնահատեք։

- Քաղաքականապես՝ այս ընդդիմությունը ճիշտ է գործում, որովհետև հայտնվել է ճնշումների տակ և այլ ընտրություն չունի։ Խորհրդարանական ընդդիմությանը ճնշում են ապօրինի գույքի բռնագանձման գործընթացները: Այս մարդիկ կանգնել են իրենց գույքի հնարավոր կորստի առջև: Իրենք պատրաստ էին չլինել պաշտոնյա, բայց պատրաստ չեն պաշտոնյա ժամանակ վախերի ու ռիսկերի գնով կուտակած հարստությունը կորցնել: Խորհրդարանական ընդդիմությանը ճնշում են նաև իրենց համակիրները: Այնպես է ստացվել, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերին 2021թ. ընտրություններում սատարել են և իրենց համար «տասովկա» են արել բազմաթիվ մարդիկ, որոնց խոստացվել են պաշտոններ և լավ «թիքաներ»՝ հաղթանակի դեպքում, և այդ մարդիկ, վատամարդ դառնալով, վստահ են եղել, որ, օրինակ, Քոչարյանը դառնալու է վարչապետ: Ընտրություններից հետո այդ մարդիկ հայտնվել են ձեռնունայն վիճակում, որովհետև փոքր խումբ թեկնածուներ ստացել են պաշտոն և մանդատ, իսկ մյուսներին չի հասել ոչինչ: Այդ մարդիկ պատրաստ չեն սպասել և պատրաստակամ չեն թողնել, որ փոքր խումբ մարդիկ վայելեն պատգամավորական աթոռները, իսկ իրենք մանրադրամի դիմաց միայն խոսեն կամ գրառումներով ֆեյսբուքներում «դոշ» տան: Խորհրդարանական ընդդիմությանը ճնշում են նաև իրենց ընտրողները: Այդ ընտրողները մանդատ չէին տվել, որպեսզի իրենք զբաղվեն պառլամենտական գործունեությամբ: Այդ մարդիկ մանդատ էին տվել՝ իշխանությունը փոխելու համար: Եվ հիմա խորհրդարանական ընդդիմությունն այլ բան չունի անելու, քան փրկել սեփական փողերը, խուսափել համակիրների ցասումից և մխիթարել ընտրողներին: Եվ քանի որ այս խորհրդարանական ընդդիմությունը չի փայլում պետության նկատմամբ անկեղծ հոգատարությամբ կամ սրտացավությամբ, ավելորդ եմ համարում բացատրել, թե ինչու են իրենց քաղաքական գործողությունները մաշեցնող ու վտանգավոր՝ առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող մեր պետության համար:

- ՀՀ ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ընթացքում ընդդիմության՝ դալիճը լքելը ինչպե՞ս կմեկնաբանեք, ըստ Ձեզ՝ ինչու՞ չլսեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը։

- Նրանք փորձեցին կրկնել նույնը, ինչ արեց «ԵԼՔ» խմբակցությունը՝ 2018թ.-ին։ Այդ ժամանակ փողոցները լիքն էին, Փաշինյանը առաջնորդում էր, իսկ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու նիստին «ԵԼՔ» խմբակցության անդամները, մասնավորապես, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և խմբակցության մյուս անդամներ նախագահի աչքերին նայելով ասեցին այն, ինչ մտածում էին։

Բայց այս ընդդիմությունը ոչ միայն անտաղանդ է հեղափոխական սցենարի գրագողության մեջ, այլև, ժողովրդական խոսքով ասած, «անբաշար» դուրս եկավ նաև ԱԺ-ի ներսում։ Եթե պետք է փախչեին, ինչու էին ներս մտել, թող մինչև վերջ վարչապետի հետ կռիվ տային։ Ժողովրդին էլ զբոսանքի տարան ԱԺ դարպասների մոտ, հետո իջեցրին կառավարական դաչայի մոտ, մի երկու վիրավորանք գոռգոռացին ու ճամփեցին տուն։ Բայց վարչապետը այս ընդդիմության վախերը բռնել է, գիտի՝ ինչ անի՝ անկյուն մղելու համար։ Ի՞նչ եք կարծում, ինչու՞ նրանց բերեց Ազգային ժողով։

- Կարո՞ղ ենք ենթադրել, որ ընդդիմությունը չի կարողանա հասնել ցանկալի արդյունքի։

- Որքան էլ ընդդիմությունը փորձի իր նեղ անձնական կամ խմբակային շահերը փաթեթավորել Արցախի դրոշով, միևնույն է, մարդիկ թե՛ ենթագիտակցաբար և թե՛ գիտակցաբար հասկանում են, որ սա կեղծ հայրենասիրական շարժում է։ Դաշնակցական հայրենասիրական երգերն էլ իրենց չեն փրկելու։ Ափսոս այդ երգերը, որ ոտատակ են տալիս ստի ու երեսպաշտության մեջ։ Եթե որևէ մեկը միամտաբար կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա կամ իշխանություն կհանձնի, հաստատապես չի ճանաչում Փաշինյանին։ Ընդդիմությունը շատ փող է ծախսել և ծախսում փողոցի շարժման վրա, բայց դա համոզիչ բովանդակությամբ չի լցնում շարժումը։ Ասելիքը դատարկություն է, հռետորաբանությունը՝ տգետ ագրեսիվ, իսկ գործողությունները՝ ինքնախաբեություն։ Երեկ միացրի ընդդիմության հեռուստաալիքներից մեկը, ու ինձ թվաց, որ Ռոբերտ Քոչարյանը արդեն վարչապետ է, Իշխան Սաղաթելյանն էլ՝ երևի պառլամենտի նախագահ։ Ծիծաղս եկավ։ Միայն մեդիայում է հնարավոր իշխանափոխության աղմուկը։ Այս վիճակից էլ, ոնց հասկանում եմ, ընդդիմությունը ռազմավարական ելք չունի։ Բայց շարժմանը միացած մարդիկ նաև պետք է հասկանան, որ սա խորհրդարանական ընդդիմության՝ առաջիկայում Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հանդեսի փորձն է։ Ով ավելի շատ, այսպես ասած, «սիմպատիա» կհավաքի փողոցում ժողովրդից, նրա շուրջ էլ կարող է լինել ռեսուրսների կոնսոլիդացիան։ Այդպիսի հավակնորդ է Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանին, որին հերոսաբար և ռոմանտիկ բերման են ենթարկում, կամ Արթուր Վանեցյանը, որն առաջինը եկավ հրապարակ, որ իր շուրջ համախմբվեն։ Բայց չստացվեց։ Երբ քաղաքական աչքով ես նայում փողոցի բազմապիսի «լիդերների»՝ սեղմված ատամներով մրցակցությունը, մտածում ես՝ Աստված չանի՝ սրանց իշխանություն տաս․ երկիրը իրար մեջ բզիկ-բզիկ կանեն։

- Ինչպե՞ս եք պատկերացնում ներքաղաքական այս իրավիճակից դուրս գալու ելքը. ի՞նչ քայլեր են անհրաժեշտ։ 

- Ներքաղաքական այս իրավիճակից դուրս գալու համար, առնվազն 2021թ.-ի պես, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» են պետք խորհրդարանում, որ կամովին հրաժարվեն իրենց մանդատներից և սահմանադրական ճանապարհով հանգուցալուծեն այդ խնդիրը։ Բայց այս խորհրդարանում այդպիսի ուժեր չկան։ Հակառակը՝ մարդիկ ամեն ինչ անում են, որ չաշխատեն, բայց մանդատը պահեն ու աշխատավարձ ստանան։

- Ստեղծված այս իրավիճակում իշխանության արձագանքը պատշաճ համարու՞մ եք։

- Ես կարծում եմ, որ իշխանությունը շարունակում է իր մեծամիտ և ամբարտավան կեցվածքը, որի պատճառով, օրինակ, շատ գրագետ և ադեկվատ մարդիկ հիասթափվել են և ստիպված միացել ընդդիմությանը։ Ինքնավստահությունը լավ բան է, բայց միշտ չէ, որ երկնքից մանանա կիջնի։ Եվ այդ կեցվածքը այսօր շարունակվում է։ Երբեմն հարց եմ տալիս ինքս ինձ, թե ինչու է այս կամ այն մարդը դուրս եկել փողոց։ Մտքիս առաջին պատասխանը որ գալիս է, հետևալն է՝ իշխանությունը, միտումնավոր կամ չհասկանալով, վիրավորել, նվաստացրել կամ արդարացիորեն չի գնահատել այդ մարդուն։ Կամ այդ մարդը իրեն խաբված է զգում հեղափոխություն անելուց հետո։ Միևնույն ժամանակ, զարմանում եմ նաև, թե ինչու է իշխանությունը այս վիճակից վրդովված։ Չէ՞ որ պետք է հետամուտ լիներ, որ այսօրվա փողոց դուրս եկած մարդիկ ոչ միայն մոռանային քաղաքականության տեղը, այլև՝ պատժվեին պետության իմունիտետը ու ռեսուրսները մաշեցնելու համար։ Բայց իշխանությունը նախընտրեց պահել նրանց՝ սեփական գոյությունը երկարաձգելու նպատակով։ Բոլոր դեպքերում, թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը ընտրել է ժողովուրդը, հետևաբար, ամեն ինչ, կարծում եմ, արդար է։ 

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական