«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը հայտարարել է, թե Փառուխ գյուղից հայկական դիրքերը լքելու հրամանը տվել է Արցախի ԱԽ քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ինչի արդյունքում ադրբեջանական ուժերը գրավել են Քարագլխի բարձունքը։
Radar Armenia-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նշեց, թե Փառուխի դեպքերի վերաբերյալ արդեն ամեն ինչ ասվել է. «Նման մտավարժանքներին անդրադառնալու անհրաժեշտություն չեմ տեսնում»։
Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակից Տիգրան Աթանեսյանն էլ Radar Armenia-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը. «Վիտալի Բալասանյանն ի պաշտոնե նման լիազորություն չունի, ոչ էլ իր անցած կենսագրությունն է թույլ տալիս, որ ինքը նման քայլեր կատարի։ Դա ամբողջովին սուտ է։ Փառուխ գյուղը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, Քարագլխի մի հատվածում այս պահին շարունակում են մնալ ադրբեջանական փոքրաթիվ ուժեր։ Նրանց դուրս գալը ռուս խաղաղապահների ուշադրության կենտրոնում է»։ Ըստ նրա՝ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են թե՛ հայկական, թե՛ ռուս խաղաղապահների կողմից. «Քարագլխի այն հատվածը, որտեղ գտնվում են ադրբեջանական ուժերը, ոչ մի սպառնալիք չի ստեղծում մեզ համար, բայց դա նշանակություն չունի։ Պետք է իրավիճակը վերականգնվի այնպես, ինչպես մարտի 24-ին էր»։
Մարիամ Սարգսյան