Քաղաքական

Բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ընդդիմության կողմից իրեն ներկայացված հրաժարականի պահանջին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի այն պնդմանը, թե Փաշինյանը տապալել է բանակցային գործընթացը, վարչապետն ասաց. «Բանակցային գործընթացը տապալել  է Սերժ Սարգսյանը, ինքը դրա մասին խոստովանել է 2018-ի ապրիլի 17-ին՝ ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի պահանջներն անընդունելի և անիրատեսական են մեզ համար, Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին»։

Նրա խոսքով, ըստ էության, պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական և աընդունելի պահանջները՝ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ Դիմելով ընդդիմությանը՝ Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ արձանագրել, որ այն պահին, երբ ՀՀ-ն ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությւոնների հիմք, այդ պահից դուք ճանաչել եք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։

Փաշինյանն ասաց, թե Արմեն Ռուստամյանի արձագանքից հետո շատ կարևոր բացահայտում է լինելու։

Ռուստամյանը հայտարարեց, թե ժամանակային սահմանափակումը թույլ չի տալիս՝ մանրամասն ներկայացնելու, որ Փաշինյանը չի տիրապետում Ղարաբաղի հարցի կարգավորմանը. «Եթե Ձեզ թվում է՝ նախկինների վրա մեղքեր բարդելով կարող եք արդարացնել այն ձախողումները, որ դուք եք բերել այս երկրի գլխին, չարաչար սխալվում եք»։

Ռուստամյանի արձագանքից հետո ընդդիմադիրները չլսեցին Փաշինյանի խոստացած բացահայտումը և լքեցին ԱԺ նիստերի դահլիճը։ Իշխանության ներկայացուցիչները ծափահարություններով ճանապարհեցին ընդդիմադիրներին։

«Կեցցե հայկական ժողովրդավարությունը»,- ընդիմությանը արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը, դիմելով ընդդիմությանը, ասաց. «Ոնց միշտ փախել եք, այ այդպես փախչելու եք»։

ԱԺ նիստն ընդմիջվեց։