ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ընդմիջվեց։ Սա այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը կառավարությանը հարց ուղղելով՝ ընթերցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։ Ռուստամյանը շեշտեց՝ իրենք ԱԺ են եկել հանրային պահանջը ներկայացնելու համար։
Ըստ Ռուստամյանի. «Այդ պահանջը հետևյալն է՝ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, տապալելով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ ու պարտություն, խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմն ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել դա։ 2021-ի հունիսին խոստացել էր 1-2 ամիս անց վերադարձբել գերիներին, բայց մինչ օրս ունենք գերիներ»։
Ռուստամյանն ընդգծեց, թե Փաշինյանն իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հսդտակեցման քաղաքականություն՝ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով։ «Նա պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, և որ առաջնահերթ է համարում Արցախի տարածքների դեօկուպացիան, սակայն փաստացի իրականացնում է «Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ» քարոզն ու պաշտպանում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման, այն է՝ Արցախն Ադրբեջանի մաս կազմելու թուրք-ադրբեջանական տեսակետը»։
Նրա խոսքով՝ Փաշինյանը չի կատարել իր բազմաթիվ խոստումները. «Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Ռուստամյանի հայտարարությանը՝ հիշեցնելով, թե ինքն ինչ վիճակում է ժառանգել բանակցային գործընթացը, և որ բանակցությունների փաստացի դադարեցման մասին հայտարարել է նաև Սերժ Սարգսյանն ԱԺ իր ելույթում։ Ըստ Փաշինյանի՝ ԼՂ բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը, և այդ մասին նա խոստովանել է այս ամբիոնից` 2018թ. վարչապետ ընտրվելու ժամանակ։
Փաշինյանը նաև նշեց, որ ինքը բացահայտում է անելու։ Սակայն «Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով կատարվածին, նշեց. «Ոնց միշտ փախել եք, այդպես միշտ փախնելու եք»։
Փաշինյանը և «ՔՊ» պատգամավորները ծափերով ճանապարհեցին ընդդիմությանը։