Վաղը՝ ապրիլի 23-ին, Հանրապետության հրապարակից մեկնարկելու է «Հայաստան» դաշինքի կազմակերպած ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։
Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշեց, որ հրապարակից բարձրանալու են Ծիծեռնակաբերդ, որտեղ միջոցառումն ավարտվելու է. «Այս տարվա ջահերի երթը, հաշվի առնելով այն բոլոր իրադարձությունները, որոնց մեջ գտնվում է Հայաստանը, մի կարևորագույն նպատակ ունի՝ արձանագրել, որ հայ ժողովուրդը համաձայն չէ վարվող քաղաքականությանը, համաձայն չէ հանձնվել թշնամական պետությունների բարեգթությանը։ Այս արձանագրումը անելու ենք մեր հայրենակիցների մասնակցությամբ, վճռականությամբ, էներգետիկայով։ Որևէ այլ գործողություն նախատեսված չէ»։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս մասնակցելու է ջահերով երթին։ Սա հաստատեց նաև Վարդանյանը. «Ջահերի երթին ամեն տարի մասնակցում են տարբեր գործիչներ, կուսակցականներ, այս տարի ևս բացառություն չէ։ Ավելին, հաշվի առնելով այն իրավիճակը, որում գտնվում ենք, այդ մարդկանց թիվը ավելի մեծ կլինի։ ՀՀ երկրորդ նախագահը արդեն հայտարարել է, որ մասնակցելու է»։
Դիտարկումներ կան նաև այն մասին, որ այս քայլը քաղաքական ենթատեքստ ունի և ներքաղաքական նպատակներով է օգտագործվում։ Պատգամավորը բացառեց՝ ասելով․ «Բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ մեր այս հարցը երբեք չի եղել այն, ինչում նրանք մեղադրում են։ Վստահ եմ՝ մեր քաղաքացիներն էլ շատ լավ հասկանում են»։
Ըստ Վարդանյանի՝ «դա հերթական պարզագույն հնարքն է, որոնք կիրառում են իշխանավորները, և այդ ամենն արվում է նրա համար, որ սակավաթիվ մարդիկ լինեն ջահերով երթին»։
Պատգամավորը վստահեցրեց՝ հայրենակիցների մասնակցությունը ևս մեկ անգամ կփաստի, որ հայությունը դեմ է թրքացմանը. «Վաղը ջահերով երթը մի բանի մասին է՝ հայերը կո՞ղմ են թրքացմանը, թե՞՝ ոչ։ Տեսնում եմ ազդակներ, որ կողմ չեն։ Մնացածը էժանագին մանիպուլյացիաներ են, որոնք մի նպատակ ունեն՝ այնպես անել, որ քիչ մասնակցություն լինի, որպեսզի հետո իրենք կարողանան հայտարարել, որ իրենց կողմից վարվող քաղաքականությունը ունի սատարում»։
Անուշ Մկրտչյան