«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը երեկվանից գտնվում է Ազատության հրապարակում։ Նա հայտարարել է՝ այնտեղից չի հեռանալու՝ մինչև նպատակի կատարումը։ Կուսակցության ներկայացմամբ՝ այս գործողության խնդիրն է, լինելով առավելագույնս հասանելի, յուրաքանչյուր քաղաքացու բացատրել իրավիճակը, հնարավորինս հասկանալի ազդարարել մոտալուտ անդառնալի աղետի զանգերը, կոչ անել, օրինակ ծառայել՝ միավորվելու և գործելու։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը Radar Armenia-ին տեսակետ հայտնեց, որ նրանց հաջողության դեպքում կստանանք պատերազմ, անհաջողության դեպքում՝ խաղաղություն. «Մենք խաղաղության օրակարգով ենք գնում, իրենք՝ պատերազմի։ Խաղաղության այլընտրանքը պատերազմն է։ Իրենց հաջողությունն ուղիղ պատերազմի է բերելու, անհաջողությունը՝ խաղաղության»։
Պապոյանն ընդգծեց՝ ժողովուրդն է որոշելու՝ խաղաղությու՞ն կլինի, թե՞ պատերազմ. «Քանի որ իրենք այս պահին 50 հոգի են, ուրեմն՝ ժողովուրդը որոշել է, որ խաղաղություն կլինի։ Սա հաջողության հարց էլ չէ, պատերազմի և խաղաղության հարց է»։
Դիտարկմանը, թե, ըստ Վանեցյանի, «իշխանությունները համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են Արցախն ամբողջությամբ հանձնել», Պապոյանն արձագանքեց. «Ո՛չ, իրենց գործողություններն են, որ հանգեցնելու են Արցախի ամբողջական հանձնմանը. լավագույն դեպքում՝ միայն Արցախի, իսկ մեր գործողությունները բերելու են խաղաղության և Արցախի՝ հայկական մնալուն»։
Հարցին՝ եթե հասարակության լայն զանգվածներ որոշեն միանալ Վանեցյանի նախաձեռնությանը, իշխանությունն ի՞նչ կանի՝ նշված պատերազմից խուսափելու համար, վերջինս պատասխանեց. «Այդ դեպքում պատերազմի օրակարգը կհաղթի, պատերազմ կլինի։ Բայց մենք թույլ չենք տա մի քանի հարյուր հոգու՝ պատերազմի օրակարգը փաթաթել մեր ժողովրդի գլխին, որովհետև կյանքը ցույց է տվել, որ իրենք կա՛մ չեն մասնակցում այդ պատերազմին, կա՛մ հասնում են տեղ ու նկարվելուց հետո՝ փախչում, իսկ մեր ժողովուրդը հերոսաբար մարտնչում է կամ զոհվում։ Մենք թույլ չենք տա մի քանի հարյուր «սելֆի» անողներին կամ պատերազմի դաշտից փախչողներին՝ մեր ժողովրդի գլխին նոր պատերազմ բերել»։
Մարիամ Սարգսյան