Քաղաքական

«Օգտագործվելու են բոլոր գործիքները՝ ազգադավներին հեռացնելու համար». Մկրտչյան

Երեկ ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանրահավաք իրականացրին՝ «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» կարգախոսով։ Radar Armenia-ն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ զրուցել է այս թեմայով։

- Ձեր կարծիքով, երեկվա հանրահավաքը ծառայե՞ց իր նպատակին։

- Կարծում եմ՝ այո: Մարդկանց բազմությունը, միասնականությունը դրա վկայությունն են: Բոլորը՝ հարթակն ու հանրահավաքի մասնակիցները, միակարծիք ու համակարծիք էին՝ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, անկախությունը և ինքնիշխանությունը անքննելի արժեքներ են: Ավարտին հրապարակված քաղաքական հայտարարության ընդունումը դրա մասին է խոսում: Հանրահավաքը ուներ մեկ նպատակ՝ ցույց տալու միջազգային հանրությանը, որ հայ ժողովուրդն ունի ազգային նպատակներ, իսկ մեր պետականությունը՝ կարմիր գծեր: Հայ հանրությունը այս հանգամանքները չի մոռացել ու չի մոռանալու, իսկ ազգադավ իշխանությունները իրավունք չունեն ամեն անգամ, Հայաստանից դուրս գալով, ժողովրդի անունից խոսելու իրավունքը չարաշահելով, մեր ինքնիշխանությունն ու հայրենիքը կտոր-կտոր անել՝ հանուն ևս մի քանի ամիս պաշտոնավարման: Իրենց կողմից ստորագրածը լեգիտիմ չէ, իրենց բանավոր խոստումները թուրքին՝ դավաճանական հարված են մեր երկրին: Մեր պետության տարածքային ամբողջականությունը և Արցախի ինքնորոշումը սակարկության առարկա չեն:

- Նման հանրահավաքները շարունակակա՞ն բնույթ են կրելու, և, այս առումով, հաջորդ հանրահավաքը ե՞րբ է։

- Ընդդիմության ձևավորած օրակարգը՝ ազատվել իշխանազավթներից, նոյեմբերի 9-ից հետո չի փոխվել: Քանի կան այս իշխանությունները, այդ պայքարը շարունակվելու է, քանի որ վտանգները չեն նվազելու ու չեն չեզոքացվելու: Պայքարի ձևերն ու կիրառվող մեթոդները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են: Այս գործունեությունը խիստ հրապարակային է: Մշտապես նախորոք հայտարարում ենք: Շարունակում եմ պնդել՝ օգտագործվելու են բոլոր գործիքները՝ ազգադավներին հեռացնելու համար:

- Ըստ Ձեզ՝ իշխանությանը լսելի կամ ընդունելի եղա՞ն հայտարարությունները:

- Ավելի քան համոզված եմ, որ ուշիուշով, բազմամարդությունից վախենալով հետևել են հանրահավաքի ընթացքին, որովհետև ամեն ինչ արել են, որպեսզի բթացնեն ազգային օրակարգը ժողովրդի մեջ: Որքանով են այդ մարդիկ ընդունակ հասկանալ այդ հավաքի իմաստը, չգիտեմ, որովհետև, 2018-ից սկսած, ընդդիմությունը բարձրաձայնում էր բոլոր վտանգները` Արցախի հարցից մինչև Հայաստան: Եթե ունակ լինեին լսելու, ապա այս ճգնաժամի առաջ չէինք կանգնի: Մյուս կողմից էլ, այլևս իրենց ցանկություններից անկախ, չեն կարող չհետևել տասնյակ հազարավոր մարդկանց արդարացի պահանջներին, քանզի այդ հանգամանքը հետևանք է թողնելու իշխանության համար: Փաստացի, երեկվա հանրահավաքով ընդդիմությունը տվեց հստակ շրջանակ, որոնցից դուրս գալու պատասխանատվության ծանրությունը ընկնելու է այս խմբակի վրա: 

- Երեկվա հայտարարությունում նշվում է, որ ՀՀ-Թուրքիա հարաբերություններում պիտի բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Ցեղասպանության իրողությունը։ 2009թ.՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, ստորագրվեցին հայտնի արձանագրությունները, հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի մասին դրույթ կար, դա արդյո՞ք Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ չէր դնում։

- Սերժ Սարգսյանը նախաձեռնել էր այդ գործընթացը՝ ունենալով թիկունքում հաղթած Հայաստան ու ազատ, անկախ Արցախ: Համեմատության որևէ եզր այս երկու պրոցեսների մեջ չկա և չի կարող լինել: Համեմատություններ փնտրողներն ընդամենը ցուցադրում են անզորության ու կեղծիքի դրսևորումները: Սերժ Սարգսյանը այդ սեղանին նստած էր՝ որպես երկու հայկական պետականություն պահող բանակի գերագույն գլխավոր հրամանատար: Առանց նախապայմանների շփումներ սկսելը հենց դա էր: Դրա վառ վկայությունը այդ արձանագրությունների ստորագրումից հետո աշխարհի տարբեր երկրների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման շարունակական գործընթածն էր և 2015թ. ընդունված 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Ասվածիս լավագույն ապացույցը նաև ՍԴ որոշման մեջ արտահայտված դիրքորոշումն է, որը հասանելի է յուրաքանչյուրին: Ավելին, այդ գործընթացը պսակվեց Հայաստանի դիվանագիտական հաղթանակով: Ի լուր աշխարհի՝ պարզ դարձավ, որ Թուրքիան է այն պետությունը, որի ստորագրությունը որևէ արժեք կամ երաշխիք չի պարունակում, քանի որ վերջիններիս էին, որոնք որևէ ներպետական գործընթաց չէին իրականացնում այն արձանագրությունների ուղղությամբ, որոնց իրագործման երաշխավորներն այնպիսի պետություններ էին, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու ՌԴ-ն:

Այժմ հայ-թուրքական կոչվող հարաբերությունների գործընթացում նախապայմանների մի մասն այսօրվա իշխանությունը կատարել են՝ 2018թ.-ից սկսած: Թուրքիան ակտիվ ներգրավվել է ԼՂՀ շուրջ որոշումների կայացմանը: Այս իշխանություններն իրենց ծրագրում գրել են, որ շաղկապում են Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը տարածաշրջանի լարվածության հետ, այսինքն՝ Թուրքիայի տրամադրության հետ: Մյուս մասն էլ՝ նախապայմանները ներկայացնում են Ադրբեջանի միջոցով մեզ տրված վերջնագրերի տեսքով:

- Ձեր այս հայտարարությամբ նաև պահանջել եք, որ պետք է քայլեր ձեռնարկել 1994թ. ԵԱՀԿ գագաթնաժողովում ամրագրված ձևաչափով բանակցային գործընթացի վերականգման ուղղությամբ: Ներկա աշխարհաքաղաքական իրողությունների ֆոնին, երբ Արևմուտքը և Ռուսաստանը հակամարտության մեջ են, ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացը։

- Աշխարհն առաջին անգամ չէ, որ քաոսի շեմին է գտնվում: Հայաստանի բոլոր իշխանություններն իրենց պաշտոնավարման ժամանակ առնչվել են աշխարհաքաղաքական բարդ իրողությունների հետ: Այդ իրողությունների հետ հայկական շահն ու օրակարգը համադրելն է հենց իշխանության պարտականությունը: Ակնհայտ է, որ այս իշխանությունը դա չի անում: Ավելին, իրենց օրակարգը բաղկացած է միայն սեփական իշխանավարության երկարաձգումը սպասարկող բաղադրիչներով, որոնք ակնհայտ հակասությունների մեջ են մեր պետության առջև ծառացած օրհասական վտանգների հետ: Մշտապես Ադրբեջանն է փորձել Մինսկի խմբի ձևաչափը դնել կասկածի տակ` ձգտելով փոխել այն: Սակայն, մինչև 2018թ. դրա՝ անգամ տեսական հնարավորությունը ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ Հայաստանը թույլ չեն տվել, չնայած՝ այդ ժամանակահատվածին բնորոշ աշխարհաքաղաքական վայրիվերումներին: ՀՀ իշխանությունները աշխատում են թուրք-ադրբեջանական տանդեմի թելադրանքով՝ միաժամանակ Ադրբեջանի վերջնագրերը ուղարկելով Մինսկի խմբին: Հասել ենք նրան, որ Ալիևին փակ դռների ետևում արված երբեմնի պարտադրանքը՝ ճանաչել Արցախը, փոխվել է, իրենց համար Արցախի կարգավիճակը քննարկելի է Ադրբեջանի կազմում:

Անուշ Մկրտչյան