Օրերս տարածաշրջանային այցով ՀՀ-ում էր ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն։ Պարբերաբար տարածաշրջան է այցելում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որ հանդիպումներ է ունենում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Արդեն վաղը՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում կկայանա ԵԽ նախագահ Շառլ Միշելի համատեղ հանդիպումը ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։
Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը Radar Armenia-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Արևմուտքն այս պահին մեր տարածաշրջանում փորձում է երկու խնդիր լուծել. «Առաջինն այն է, որ Արևմուտք-ՌԴ հակամարտության ընթացքում չբացվի երկրորդ ճակատ, երկրորդ՝ ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է։ Եթե վերջինս, ներքաշված լինելով Ուկրաինայի հետ պատերազմի մեջ, աչքաթող անի ՀՀ-ն, Արևմուտքը կփորձի ցույց տալ, որ կարող է մեզ աջակցել։ ՌԴ-ն ավելի մեծ ագրեսիվությամբ է ցանկանում դիրքերն ամրապնդել, բայց պատերազմը ցույց տվեց, որ պատրաստ է գնալ զիջումների։ Արևմուտքն էլ փորձում է օգտվել այդ առիթից և ՌԴ դիրքերը թուլացնել Հարավային Կովկասում»։
Ըստ Անտինյանի՝ երբ Կառավարության նիստին վարչապետը խոսեց ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածք ադրբեջանական ԶՈւ ներխուժման մասին ու հայտարարեց, որ պետք է քննություն անցկացվի ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների գործունեության կամ հնարավոր անգործության վերաբերյալ, նշանակում էր հետևյալը. «Թեպետ ՀՀ-ն չի հրաժարվում իր դաշնակցից ու դաշնակցային պարտավորություներից, այուամենայնիվ դիմում է դաշնակցին՝ ասելով, որ պետք է փոխադարձություն լինի։ Մենք ցանկանում ենք, որ եռակողմ պայմանավորվածության պարագայում, որի երաշխավորը ՌԴ-ն է, Ադրբեջանը ոտնձգություն չանի Արցախի տարածքի նկատմամբ։ Մենք գո՞հ ենք կատարվողից։ ՌԴ-ն կարող է Ադրբեջանին «կարգի հրավիրել»»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակում մեր քաղաքագիտական միտքը ճկուն ու բազմավեկտոր պետք է լինի. «Փոքր պետությունը երկու խնդիր ունի՝ կա՛մ ճկուն կլինի, կօգտվի տարբեր իրավիճակներից, կա՛մ ոտնատակ կգնա։ Մենք չենք պատրաստվում սպասարկել ո՛չ ՌԴ-ի, ո՛չ Արևմուտքի շահերը։ Պետք է գործել ի շահ ՀՀ-ի։ Արևմուտքը ցույց է տալիս, որ պատրաստ է աջակցել, եթե ՀՀ-ն ճիշտ կողմնորոշվի, ՀՀ-ն էլ ասում է՝ պատերազմի ընթացքում դաշնակից չի փոխելու, բայց, միևնույն ժամանակ, ռազմավարական դաշնակիցը չպետք է ոտնահարի ՀՀ շահերը։ Արևմուտքը, եթե շահագրգռված է ՌԴ-ին դուրս մղել Ուկրաինայից, ոչ պակաս շահագրգռված է դուրս մղել նաև Հարավային Կովկասից»։
Մարիամ Սարգսյան