Քաղաքական

Գործուն քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան ելման դիրքեր. Հովհաննիսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին և այն հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Ըստ Հովհաննիսյանի. «Մենք պարբերական կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ, առաջին հերթին՝ ՌԴ մեր գործընկերների հետ են բանակցությունները: Շարունակում ենք պնդել, որ գործուն քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան ելման դիրքեր: Մյուս կողմից, մի շարք միջազգային, հումանիտար առաքելություն իրականացնող կառույցների պարբերաբար ներկայացնում ենք իրավիճակն Արցախում»։ 

Պատգամավորի խոսքով, ինչպես ռուս խաղաղապահների, այնպես էլ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ պատշաճ քննություն է ակնկալվում. «Մենք արձանագրում ենք, որ խախտվել են նոյեմբերի 9-ի և դրան հաջորդող բոլոր պայմանավորվածությունները: Մեր պահանջը և հորդորն է մեր գործընկերներին, որ խաղաղապահ ուժերը կարողանան ամբողջությամբ իրականացնել իրենց առաքելությունը, ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը: Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիները կվերադառնան ելման դիրքեր»։