Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ այսօր Կենտրոնական հրամանատարական կետում ծառայողական խորհրդակցություն է անցկացվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խորհրդակցության մասնակիցները վերլուծել են իրավիճակն Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին։ «Նախարարը կոնկրետ հանձնարարականներ է տվել բանակի պաշտոնատար անձանց՝ պահպանել զորամասերի մարտական պատրաստության բարձր մակարդակը, մշտապես կատարելագործել ծառայողական և մարտական գործունեությունը, բարձրացնել զգոնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Հասանովը հանձնարարել է իրական մարտական պայմաններին համապատասխան ինտենսիվ վարժանքներ և գործնական պարապմունքներ անցկացնել, պատրաստ լինել զորամասերի առջև ծառացած մարտական առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարմանը։ «Նախարարը հրահանգել է հրամանատարներին ու սպայական կազմին՝ պատրաստ լինել ցանկացած պահի օգտագործելու ժամանակակից զենք, տեխնիկա և այլ զինատեսակներ, որոնք սպառազինություն են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հասանովը նաև հանձնարարել է համապատասխան պաշտոնյաներին հատուկ ուշադրություն դարձնել բարձր լեռնային և կլիմայական ծանր պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների նյութատեխնիկական և ինժեներական աջակցության վրա։