Քաղաքական

Արմեն Գևորգյանի պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սանկցիա կիրառեց ԱԽ նախկին քարտուղար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ՝ նրան տուգանելով 50 հազար դրամի չափով

Սահակյանն, ի նշան բողոքի դատարանի գործողություններից, լքեց դատական նիստերի դահլիճը։ Խնդիրը վերաբերում էր մեղադրանքի պարզաբանմանը. և նա, և՛ Գևորգյանը պնդեցին, որ մեղադրանքի մեջ կան պարզաբանման ենթակա արտահայտություններ։ Սակայն դատարանը գտավ, որ մեղադրանքի էությունը պարզ է և որոշեց անցնել ապացույցների հետազոտման կարգին։ Դրանից հետո Սահակյանը լքեց դատական նիստերի դահլիճը՝ հայտարարելով, թե դատարանը չի կատարում օրենքով սահմանված իր պարտականությունները։ 

Այս գործով մյուս ամբաստանյալը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարեց, թե իրեն առաջադրված մեղադրանքը համարում է անհեթեթ և այն իրականության հետ առնչություն չունի։

Ըստ նրա. «Իհարկե, ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Այս մեղադրանքը համարում եմ ոչ միայն անհեթեթ, այլև՝ իրականության հետ առնչություն չունեցող։ «Սիլվա Համբարձումյան» անունով անձի ընդհանրապես չեմ ճանաչում։ Ինձ համար հասկանալի չէ ընդհանրապես, թե ինչու է մեղադրող կողմը որոշել, որ ես ունեմ վարչարարատնտեսական և տնօրինչական իրավասություններ։ Կա Սահմանադրություն, որտեղ հստակ նշված են իմ լիազորությունները։ Եվ ես չեմ հասկանում, թե տվյալ դեպքում իմ ո՞ր լիազորություններն եմ օգտագործել կամ չեմ օգտագործել։ ՀՀ նախագահը նույնիսկ չի տնօրինում նախագահականի բյուջեն, որևէ երկրի նախագահ նման լիազորություն չի ստանում»։ 

Նա նշեց, թե ըստ էության, այդ մեղադրանքը հիմնված է մեկ մարդու երևակայության վրա, և որ այն քաղաքական պատվերի դասական օրինակ է. «Մեղադրանքն առաջադրվել է վերջին պահին, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքից հետո։ Նպատակը մեկն էր․ քանի որ այն հոդվածը չէր ենթադրում գույքային պարտավորություններ, պետք էր անել ամեն ինչ, որպեսզի այդ պարտավորությունները կցվեին։ Դա արվեց արդեն այս հոդվածի միջոցով»։

Նշենք, որ դատարանը Գևորգյանի պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառելուց հետո, հաշվի առնելով, որ պաշտպանի բացակայության պայմաններում դատական նիստը չի կարող շարունակվել, դատական նիստը հետաձգեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 29-ին ժամը 13։00-ին։