Քաղաքական

Ադրբեջանի հինգ սկզբունքներն Արցախից հրաժարվելու մասին են

Ադրբեջանի հինգ սկզբունքներն Արցախից հրաժարվելու մասին են

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ադրբեջանի առաջ քաշած 5 սկզբունքներին։ Նշենք, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով առաջարկվում է, որ արտգործնախարարը և վարչապետը պետության արտաքին քաղաքականության, բանակցային ուղղություններում կատարված աշխատանքի, անվտանգության հարցերի վերաբերյալ որոշակի պարբերականությամբ զեկույցներ ներկայացնեն խորհրդարան:

Ըստ նրա` այդ սկզբունքներն Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջանական փակելու մասին են. «Հայաստանը և Արցախը այսօր կանգնած են անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ: 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո Ադրբեջանը խաղաղության համար նոր պահանջներ է առաջ քաշում՝ այսպես կոչված 5 սկզբունքներ ներկայացնելով: Այն, թե ինչի մասին են սկզբունքները, վստահ եմ, որ բոլորդ ծանոթ եք, իմ համոզմամբ դրանք Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջանական փակելու մասին են: Միաժամանակ չենք կարող ուշադրություն չդարձնել այն միջավայրին, որի ներքո Ադրբեջանի կողմից ձևակերպվում են այս պահանջները` սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցների հոգեբանական ահաբեկում, հումանիտար աղետ Արցախում, սահմանային լարվածության աճ, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներ ու տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառում հայկական բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ: Սա դասական իմաստով հարկադրանքի քաղաքականություն է, զինանոցում առկա գրեթե բոլոր տարբերակների օգտագործմամբ»։ 

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի խոսքով` Բաքվի կողմից իրականացվող այս հարկադրանքի քաղաքականությանը սահուն կերպով միացել է և աջակցում է նաև Թուրքիան։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական