Քաղաքական

Վարչապետի շնորհավորական ուղերձները Նովրուզի առթիվ՝ Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին

Վարչապետի շնորհավորական ուղերձները Նովրուզի առթիվ՝ Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նովրուզի կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանի՝ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ Վսեմություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին Նովրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար նշանավորվի բացառիկ արգասաբերությամբ և խաղաղությամբ։

Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ հազարամյակների պատմություն ունեցող և փոխվստահության ու հարգանքի մթնոլորտում ձևավորված հայ-իրանական հարաբերությունները շարունակում են անշեղ զարգացման իրենց բնականոն ընթացքը։

Մեծապես կարևորում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ նորանոր ծրագրերի իրականացումը և հայ-իրանական բազմատարր օրակարգի ընդլայնումը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային խաղաղության։          

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Իրանի ժողովրդին՝ հարատև բարօրություն։                  

Վարչապետի՝ Իրանի նախագահին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ամենայն ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին բնության զարթոնքի և ծաղկման տոնի՝ Նովրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ նոր տարին հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության համար նշանավորվի անխախտ խաղաղությամբ և նորանոր ձեռքբերումներով։           

Բազմադարյա պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները, խարսխված միջմշակութային ամուր և փոխադարձ հարգանքի վրա, շարունակում են իրենց անխաթար զարգացման ուղին։ 

Վստահ եմ, որ համատեղ անխոնջ ջանքերի շնորհիվ նոր որակ կհաղորդվի հայ-իրանական բազմատարր օրակարգ ունեցող հարաբերություններին՝ կենսագործելով իրականացման փուլում գտնվող և օրակարգային նորանոր ծրագրեր՝ ի նպաստ երկկողմ և տարածաշրջանային համագործակցության։        

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և արևշատություն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և հարատև խաղաղություն։       

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։       

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական