Քաղաքական

ՌԴ-ն պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել բանակցային գործընթացին

ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ հայտարարելով. «Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում՝ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում առկա իրավիճակով»:

Նրա խոսքով՝ «Մարտի սկզբից արձանագրում ենք հրադադարի պահպանման պարբերական խախտումներ: Ռուսական խաղաղապահ զորակազմն իր պատասխանատվության գոտում համապատասխան միջոցներ է ձեռնարկում՝ կայունության պահպանման և իրադրության կառավարման համար: Այդ ջանքերի շնորհիվ մարտի 13-ից զինված միջադեպեր չեն արձանագրվում»։

Զախարովան նշել է, որ Մոսկվան հանդես է գալիս սահմանազատման և սահմանագծման գործընթացի արագ մեկնարկի օգտին՝ երկկողմ հանձնաժողովի ստեղծմամբ. «Մենք տեղյակ ենք հումանիտար բարդ իրադրության մասին՝ կապված գազատարի վթարի հետ: Կապի մեջ ենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ այդ խնդրի կարգավորման նպատակով: Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է խուսափել քայլերից, որոնք կարող են խնդիրներ ստեղծել բնակիչների, քաղաքացիական անձանց համար և կվատթարացնեն առանց այն էլ բարդ հումանիտար իրավիճակը»։ 

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ Երևանից և Բաքվից հնչող հայտարարություններին, Զախարովան ողջունել է կողմերի դիրքորոշումը։ Նա վերահաստատել է Ռուսաստանի համակողմանի աջակցությունը նման բանակցային գործընթացին. «Ինչ վերաբերում է բանակցությունների, խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետներին, դրա մասին խոսելը դեռ վաղ է»: