Քաղաքական

Էդմոն Մարուքյանը կշարունակի ղեկավարել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

Հատուկ հանձնարարություններով նորանշանակ դեսպան Էդմոն Մարուքյանը կշարունակի ղեկավարել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԼՀԿ վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Նրա խոսքով. «Հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակվելը որևէ կերպ դա չի խանգարում կուսակցական գործունեությանը, ուղղակի արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործում Մարուքյանը կկարողանա իր ներդրումն ունենալ՝ ՀՀ շահերը պաշտպանելիս»։

Գորգիսյանն ընդգծեց, որ եթե զգան՝ Մարուքյանը չի հասցնի կուսակցական գործունեությունը, այդ ժամանակ կքննարկեն հարցը. «Եթե զգանք՝ ինչ-որ պահի չի հասցնում, որոշում կկայացնենք։ Խնդիրները կլուծենք ըստ դրանց առաջանալու»։

Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։