Քաղաքական

Տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: 

Բանակցությունները տեղի են ունեցել Անթալիայում՝ երկրորդ դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում, և տևել մոտ կես ժամ։ Քննարկվել են Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիները։

Արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ունեցած հանդիպումից հետո անդրադարձել են հանդիպման արդյունքներին: «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպումը որակել է «շատ կառուցողական ու արդյունավետ»: «Քննարկվել են երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված քայլերը։ Ուզում եմ գոհունակությամբ փաստել, որ մենք ջանքեր ենք գործադրում Կովկասում խաղաղության հաստատման համար։ Թուրքիայի և Հայաստանի միջև քայլերը դրական են ընկալվում նաև Ադրբեջանի կողմից։ Բաքուն աջակցում է այս գործընթացին։ Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը համապատասխանում են բոլոր կողմերի շահերին»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ասել է, որ Երևանը ջանքեր կգործադրի Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նշվում է, որ Միրզոյանը հաստատել է Հայաստանի վճռականությունը «հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու հարցում»: 

Չավուշօղլուն հիշեցրել է, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները նախկինում երկու հանդիպում են անցկացրել հարաբերությունները կարգավորելու նպատակով։

«Դիվանագիտության վերակառուցում» կարգախոսով ֆորումը մարտի 11-ից 13-ը ընթանում է Անթալիայի Բելեկ քաղաքում:

Անթալիայում անցկացվող դիվանագիտական ​​ֆորումին մասնակցում են 17 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներ, 80 նախարար, 39 միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ։