Radar Armenia-ն ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ զրուցել է վերջին օրերին Հայաստանի ու Արցախի սահմաններին ադրբեջանական սադրանքների ու այդ համատեքստում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին։
-Պարո՛ն Օհանյան, վերջին օրերին Ադրբեջանը տարբեր սադրանքներ է իրականացում Հայաստանի և Արցախի սահմաններին։ Մյուս կողմից, սակայն, Ադրբեջանի նախագահը խոսում է խաղաղության պայմանագիր կնքելու մասին։ Ինչու՞ է մի կողմից այդպես հայտարարում, մյուս կողմից՝ սադրանքների դիմում։
-Այդ հարցը պետք է մի քանի կողմից դիտարկենք. առաջինը՝ աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանային իրադարձությունների և դրանցից օգտվելու տեսանկյունից։ Ուժային կենտրոնների միջև հակամարտության պատճառով մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն, որի հետ ՀՀ-ն ունի տարբեր համաձայնագրեր, զբաղված է ռուս-ուկրաինական պատերազմով, ու տարածաշրջանային երկրները դրանից կարող են օգտվել։ Առաջինն Ադրբեջանն ու Թուրքիան են։
Երկրորդը՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո ճնշումների շարունակականությունն է ՀՀ-ի և Արցախի վրա։ Սխալ պատկերացում է, թե Ադրբեջանի հետ լիակատար խաղաղության գնալու դեպքում այսպիսի սադրանքներ չեն լինելու։
Այս ճնշումների հեռահար նպատակն է պարտադրել ՀՀ-ին՝ ստորագրել խաղաղության պայմանագիր, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ճնշումների արդյունքում գնալ Ադրբեջանի շահերից բխող և իրենց համար նպաստավոր սահմանագծման ու սահմանազատման և, ամենակարևորը, ճանապարհների, ենթակառուցվածքների ապաշրջափակման քողի ներքո, «Զանգեզուրի միջանցք» բացել։ Վերջին նպատակն Արցախի հայաթափումն է։ Իսկ եթե Արցախի շուրջ օղակն ավելի սեղմվի, հայաթափման վտանգ կա։
Ինչ վերաբերում է կոնկրետ դիրքերում՝ Խրամորթում ու Երասխում, եղած սադրանքներին, նպատակը ռազմավարական կամ կարևոր մարտավարական կետեր գրավելն է՝ հետագայում Արցախի ու ՀՀ-ի վրա ճնշումներ գործադրելու նպատակով։
-Ի՞նչ պետք է անի ՀՀ-ն՝ Ձեր նշած զիջումներից խուսափելու համար, ունե՞նք այդ հնարավորությունը։
-Մենք միշտ էլ հնարավորություն ունենք՝ ինքներս մեզ պաշտպանելու։ Դրա համար պետք է ՀՀ ղեկավարությունը կարողանա ճիշտ գնահատական տալ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի և աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում ստեղծված անվտանգության միջավայրին, ներքին և արտաքին սպառնալիքներին, որ կան Արցախի շուրջ, դրանից ելնելով էլ՝ որոշվեն առաջնահերթությունները։
Անհրաժեշտ է կարգի բերել մեր անվտանգության համակարգը, բանակն արագ տեմպերով վերականգնել։ Որքան էլ այսօր մտածենք, որ բանակը մասնատված է, բայց բանակի անցած ճանապարհը, կազմակերպվածությունը թույլ կտա՝ այն արագորեն վերականգնել և անվտանգության միջավայր ձևավորել։ Պետք է կարգի բերել պաշտպանական, ինժեներական կառույցները, որ այդպիսի սադրանքների դեպքում մեր զինծառայողները պաշտպանված լինեն։
Հաջորդ կարևոր պայմանն էլ ժողովրդի միասնությունն է, բայց այս իշխանություններն այդ ուղղությամբ որևէ քայլ չեն կատարում։
Երրորդ պայմանը դիվանագիտական աշխատանքն է՝ միջազգային երաշխիքներ պետք է լինեն։ Այս սադրանքները ցույց են տալիս, որ իշխանությունների՝ խաղաղության դարաշրջան ձևավորելու գաղափարները սին են, անհիմն, որովհետև մեր դիմաց Ադրբեջանն ու Թուրքիան են, և նրանց դիվանագիտական խորամանկությունն արտահայտվում է թե՛ հռետորաբանության, թե՛ տարբեր սադրանքների, գործողությունների մեջ։
-ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը կառավարության առաջնահերթություններից է։ Այս պահին դա որքանո՞վ եք իրատեսական համարում։
-Կարծում եմ՝ ՀՀ-ում չկա որևէ մեկը (այդ թվում՝ մեր դաշինքը), որ չցանկանա՝ տարածաշրջանում խաղաղություն լինի։ Բայց կարծում եմ, որ պայմանները չեն համապատասխանում։ Խաղաղությունը միակողմանի չի լինում։ Դրա առաջին նախապայմանը ամեն ինչին պատրաստ լինելն է։ Այս իշխանությունները չեն կարողանում որոշել այն առաջնահերթությունները, որոնք կան ՀՀ-ի համար։
Մարիամ Սարգսյան