Քաղաքական

Ուկրաինայում բնակվող հայերի մի մասը որոշել է մնալ տեղում. Սինանյան

Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի բնակչության հետ, տեղի է ունենում նաև Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցների հետ։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Ուկրաինայում գտնվող հայազգիների վիճակին։

Հանձնակատարի գրասենյակի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ քննադատություններին անդրադառնալով Սինանյանը նշեց. «Իրատեսորեն ուզում եմ հասկանալ՝ Գլխավոր հանձնակատարի գրասենյակն ի՞նչ կարող էր անել ռազմական գործողությունների գոտի հանդիսացող Ուկրաինայում՝ բացի մեր հայրենակիցներին մարտական գործողությունների սկզբից ի վեր տարբեր միջոցներով խորհուրդ տալը, թե ինչպես հեռանալ, ուր հեռանալ, որ սահմանակետով անցնել և Ուկրաինայի հետ սահմաններից դուրս հայտնվելուց հետո ում հետ կապ հաստատել առաջկցություն ստանալու համար»։

Նա ընդգծեց, որ աշխատակազմի 5-6 աշխատակից անընդհատ կապի մեջ է Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցների հետ։ Այնուամենայնիվ, Սինանյանի խոսքով, ոչ ոք չի կարող հստակ տվյալ փոխանցել, թե քանի մարդ է եկել, քանիսն է հատել Ուկրաինայի սահմանը։

Սյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց. «Ուկրաինայում բնակվողների մի մասը որոշել է մնալ տեղում, տեսնել՝ ինչ է լինելու, մի մասը երկրի արևելքից ու հարավ-արևելքից տեղափոխվել է երկրի արևմուտք, մի մասն էլ հատել է Ուկրաինայի սահմանը։ Այդ բոլոր կատեգորիաներում էլ կան հայազգիներ»։

Սինանյանի խոսքով՝ այժմ ՌԴ-ից մարդկային հոսք կա դեպի ՀՀ, նրանց թվում են ոչ միայն հայազգիները. «Վերջիններս գալիս են նույն պատճառներով, որոնցով գալիս են ոչ հայրենակիցները։ Ի տարբերություն օտարազգիների՝ հայերից շատերը ՀՀ-ում բնակարան ունեն, բայց, ընդհանուր առմամբ, աշխատանք գտնելու, երեխաներին մանկապարտեզ, դպրոց տեղավորելու խնդիրները նույնն են։ Կան այնպիսիք, որոնք ՀՀ քաղաքացի չեն, ցանկություն են հայտնում քաղաքացի դառնալ։ Շարունակում ենք աջակցել քաղաքացիություն ստանալու գործընթացում, օգնել երեխաներին մանկապարտեզ, դպրոց տեղավորելու, աշխատանք գտնել հարցերում»։

 

Մարիամ Սարգսյան