Կառավարության այսօրվա որոշմամբ Սյունիքի մարզպետ է նշանակվել Ռոբերտ Ղուկասյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Մելիքսեթ Պողոսյանին։
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ Սյունիքի մարզը մինչ այս ունեցել է ինը ղեկավար, մի մասը՝ ուժային կառուցներում առանցքային պաշտոններ զբաղեցրած անձինք՝ սպայական բարձր կոչումով։ Առաջին մարզպետը նշանակվեց 1996թ., երբ Վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքի ընդունումից հետո ձևավորվեցին մարզպետարանները:
Առաջին մարզպետը գեներալ Սուրեն Աբրահամյանն էր. նա պաշտոնավարել է 1996-98թթ։ Մինչ մարզպետ նշանակվելը նա Ներքին գործերի փոխնախարարն էր, ապա՝ պետնախարարի տեղակալ։ Հետագայում Աբրահամյանը նշանակվեց Երևանի քաղաքապետ, կարճ ժամանակ անց արդեն զբաղեցրեց ՆԳ նախարարի պաշտոնը և հրաժարական տվեց հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո։
1998-2000թթ. Սյունիքի մարզպետ նշանակվեց Ռոմա Նավասարդյանը, որ մինչ այդ զբաղեցնում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի պաշտոնը։
Սյունիքի մարզպետի պաշտոնում Նավասարդյանին փոխարինեց ԱԻՆ գեներալ Էդիկ Բարսեղյանը. նա աշխատեց 2000-2004թթ։ Մինչ մարզպետ նշանակվելը նա եղել է ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ։ Ավելի ուշ՝ 2010թ. Բարսեղյանը ղեկավարել է նաև Արարատի մարզը, մինչ այդ լինելով ՀՀ ԿԱ արտակարգ իրավիճակների վարչության պետ։
Սուրիկ Խաչատրյանը, որ հայտնի էր «Լիսկա» մականունով, Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվել է երկու անգամ. նա պաշտոնավարել է 2004-2013 և 2014-2016թթ։ Խաչատրյանն ամենասկանդալային կերպարներից է։ Սուրիկ Խաչատրյանն ու ընտանիքի անդամները, թիկնապահները պարբերաբար հայտնվել են տարբեր սկանդալների, հանցագործությունների կիզակետում։ 2013թ. Խաչատրյանը հրաժարականի դիմում ներկայացրեց իր տան մոտ տեղի ունեցած միջադեպից հետո, որի ընթացքում սպանվել էր մեկ հոգի՝ Ավետիք Բուդաղյանը, և վիրավորվել երկուսը։ Այս գործով դատապարտվեցին Խաչատրյանի որդին՝ Տիգրանն ու թինապահ Զարզանդ Նիկողոսյանը։
Խաչատրյանի «հրաժարականից» հետո այդ ընթացքում նրան փոխարինեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար Մաքսիմ Հակոբյանի որդին։ Հակոբյանը, սակայն, պաշտոնավարեց կարճ՝ մեկ տարի։
2014թ. Սուրիկ Խաչատրյանը նորից նշանակվեց Սյունիքի մարզպետ, բայց երկու տարի անց հերթական միջադեպից հետո հրաժարական ներկայացրեց։
2016-18թթ. Սյունիքի մարզպետը Վահե Հակոբյանն էր՝ այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Նախկինում նա ԱԱԾ աշխատակից է եղել: Հակոբյանի անունը ևս պաշտոնավարման ընթացքում տարբեր պատմությունների կիզակետում էր հայտնվում. նա Երևանից ուղղաթիռով էր աշխատանքի մեկնում, իսկ 2018թ. հետո նրա դեմ քրեական գործ հարուցվեց՝ աշխատանքի չներկայանալու բայց վարձատրություն ստանալու համար։ Հակոբյանը պաշտոնանկ արվեց 2018-ի հեղափոխությունից հետո։
2018թ. հունիսից-դեկտեմբեր ամիսներին Սյունիքի մարզպետ է եղել Կարեն Համբարձումյանը։ Նա նշանակվեց ԲՀԿ քվոտայով, երբ իշխանափոխությունից հետո ԲՀԿ-ն կոալիցիա էր կազմել Փաշինյանի կառավարության հետ։ ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո Համբարձումյանը ևս հեռացավ։
Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնում աշխատեց 2018-2020թթ։ Մինչ այդ Պողոսյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանությունում, զբաղեցնելով մինչև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Այս պաշտոնից հրաժարական էր տվել 2018-ի հեղափոխությունից հետո։ Սյունիքի մարզպետի պաշտոնից Հունան Պողոսյանը հրաժարական տվեց արդեն 44-օրյա աղետալի պատերազմից հետո՝ 2020-ի դեկտեմբերին։
ԶՈՒ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած, Ղարաբաղյան առաջին պատերազմին, հետո՝ ապրիլյան քառօրյա և 2020թ. 44-օրյա պատերազմների մասնակից Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի մարզպետ աշխատեց երկու տարի։
Հիմա, փաստորեն, նրան փոխարինել է Ռոբերտ Ղուկասյանը։ Մինչ մարզպետ նշանակվելը նա եղել է ՀՀ վարչապետի խորհրդականը, ավելի վաղ աշխատել է Կալավանի համայնքապետարանում, զբաղեցրել է Ճամբարակի համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնը։