Հասարակություն

Ռուսաստանը պատրաստվել է Swift համակարգի անջատմանը. Վիլեն Խաչատրյան

Այսօր վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով «հատուկ ռազմական գործողություններ» են սկսվել Ուկրաինայի դեմ՝ նպատակ ունենալով ապառազմականացնել այն: Ի պատասխան՝ արևմտյան երկրները տնտեսական պատժամիջոցներ են սկսել ՌԴ-ի դեմ։ Թե ինչ ազդեցություն կունենա այս ամենը նաև Հայաստանի տնտեսության վրա, Radar Armenia-ն փորձել է պարզել տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ։

- Պարոն Խաչատրյան, Ուկրաինայում ռազմական գործողությունները, Ռուսաստանի հանդեպ սահմանափակումները, որոնք պատճառ են հանդիսացել նաև ռուբլու արժեզրկման, ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա։

- Հայաստանի տնտեսության վրա ազդեցությունը կլինի 3-4 ուղղությամբ, որոնցից առաջինը պայմանավորված է առևտրատնտեսական հարաբերություններով։ Ռուսաստանը մեր առևտրային թիվ մեկ գործընկերն է, ու, բնականաբար, արտահանման և ներմուծման գործընթացում որոշակի փոփոխություններ կնկատվեն։ Հիմա ռուբլին ավելի էժան է, և ռուս քաղաքացին իր գնողունակությունը կորցնում է։ Հայաստանից արտահանվող ապրանքների վաճառքը, ոչ գնողունակության պատճառով, կնվազի։ Ներմուծման հետ կապված խնդիրներ ևս կառաջանան։ Մյուս գործոնը, որը ևս կարևոր է, տրանսվերտներն են։ Մեկ ռիսկ էլ կա՝ գազամատակարարման խնդիրներ են առաջանում դեպի Եվրոպա, այսինքն, ռուսական գազը Եվրոպայի համար կարող է թանկանալ, նավթը՝ ևս, և այս գործոններն իրենց ազդեցությունը կարող են թողնել զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության վրա։ Չնայած՝ չեմ կարծում, որ Ռուսաստանի տնտեսական խնդիրները շատ ավելի փոքր Հայաստանի հաշվին պիտի լուծվեն։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ այս ամենը երկարաժամկետ բնույթ չի ունենալու, և հարցը լուծվելու է շատ արագ։

- Հայաստանն ի՞նչ պետք է անի՝ հետևանքները հնարավորինս նվազեցնելու համար, որպեսզի այս ամենը մեծ ազդեցություն չունենա Հայաստանի տնտեսության վրա։

- Սովորաբար, նման իրավիճակում սպառման որոշակի ծավալ է կրճատվում։ Կամ այլ երկրից պետք է դա ներմուծվի, եթե դու գնողունակ ես։ Իսկ արտահանման առումով՝ պետք է շուկան դիվերսիֆիկացնել, որը հեշտ չէ, որովհետև ռուսական շուկան նաև լայն սպառման շուկա է։ Բայց չեմ կարծում, որ սահմանների փակման խնդիր ենք ունենալու։ Այդ տեսանկյունից՝ ռուսական շուկան շարունակելու է մեզ համար հասանելի լինել, պարզապես տնտեսական վիճակը որոշակի առումով վատանալու է, բայց՝ ոչ այն աստիճանի, ինչքան պատկերացնում ենք։

- Այսինքն, կարծում եք, որ այս գործընթացը կարճաժամկե՞տ կլինի։

- Կարճաժամկետ պրոցես տեղի կունենա։ Այս ալիքը կմարի, և էլի կմտնենք բնականոն հուն։ Ես երկարաժանկետ, ձգձգվող պատերազմական իրավիճակ չեմ տեսնում, բայց, այնուամենայնիվ, որոշակի կոնֆլիկտային իրավիճակ կարող է պահպանվել։ Վնաս ավելի շատ կրում է Եվրոպան, և երկկողմանի վնասի պարագայում իրենք որոշակի ժամանակահատված հետո, կարծում եմ, դրանք վերանայելու են։

- Swift համակարգի անջատում հնարավո՞ր է լինի։ Եթե այո, դա ի՞նչ ազդեցություն կթողնի Ռուսաստանի, հետևաբար նաև՝ Հայաստանի տնտեսության վրա։

- Եթե անգամ անջատեն Swift համակարգը, պետք է հասկանալ, որ Ռուսաստանն ունի նաև իր համակարգը, որը կօգտագործի որոշակի ժամանակահատվածում։ Արդեն երևի 7-8 տարի է՝ Swift համակարգն անջատելու մասին են խոսում, և Ռուսաստանը դրան Համաշխարհային բանկի մակարդակով պատրաստվել է։ Գործարքների այլ տարբերակ կընտրեն։ Ինչ-որ միջնորդ ընդամենը կավելանա և միջնորդական փոքրիկ տոկոս կտանի, բայց դա այն գործոնը չէ, որի վրա պետք է հիմվել։ 

Լուսինե Գրիգորյան