Վերլուծություն

Արցախի ԱԺ-ն դուրս չի գալիս կեղծ հայրենասիրության թակարդից

Արցախի Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը։ Այդ մասին առաջինն ավետել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ տելեգրամի իր էջում՝ ռուսերենով։ 

Այն, որ Արցախի իշխանությունները ճանաչում են աշխարհագրական սահմաններ և ռազմա-քաղաքական հավակնություններ ունեն դրանց նկատմամբ, կարելի է ասել, նորմալ է։ Նորմալ կլիներ նաև, եթե այդ բանաձևը լիներ ընդամենը միջազգային առանձին ներկայացուցիչների հետ հանդիպումների օրակարգում՝ առանց արհեստականորեն տիրաժավորելու և քարոզչական աղմուկ բարձրացնելու։ Սակայն Արցախի քաղաքական ուժերը, փաստորեն, ի վիճակի չեն դուրս գալու նախորդ շրջանի, ըստ էության, աղետի հանգեցրած «հայրենասիրական» մտածողությունից և գործողություններում ելակետ ունենալ առկա իրողությունները։ Ո՞րն է այդ բանաձևի՝ ներքին քարոզչական սպառման գործիք դարձնելու իմաստը, բացի հանրության հույզերի հետ խաղալն ու պարզունակ քաղաքական միավորներ վաստակելը։ Ըստ էության, այդ բանաձևը կյանքի կոչվելու որևէ առարկայական հնարավորություն չի ստեղծում՝ բացի լարվածության նոր առիթներ ստեղծելուց։

«Ո՞վ է ավելի հայրենասեր» լոզունգի տակ 20 և ավելի տարիներ հայ հասարակությանը մատուցվել է ներքին սպառման օրակարգ՝ պարտադրելով ջայլամային վերաբերմունք և գավառական ընկալում միջազգային հարաբերությունների ու արտաքին քաղաքականության մասին։ Այդ նշանաբանով մարդկանց մոտ դիտավորյալ թյուր մտածողություն են ձևավորել, թե ներհայկական նեղ դիսկուրսն աշխարհում ինչ-որ մեկին պետք է, կամ դրան ուշադրություն դարձնող կա։ Դրանով, մի կողմից, բթացվել է հայ հանրության վտանգի զգացումը, մյուս կողմից՝ ձևավորվել է ամորֆ ու կղզիացած ֆիդայական մտածողություն՝ աշխարհակարգի ու միջազգային հարաբերությունների մասին։ Ասենք, ի՞նչ է նշանակում Արցախի ԱԺ-ի ընդունած օրենքի դրույթը, թե օտարերկրացիները օկուպացված հռչակված տարածքներ կարող են այցելել միայն Արցախի իշխանությունների համաձայնության պարագայում։ Լո՞ւրջ, այդ ո՞ր օտարերկրացին է դիմելու Արցախի իշխանություններին նման համաձայնություն ստանալու համար։ Այդ ո՞ր միջազգային ընկերությունն է դիմելու գործունեության թույլտվություն ստանալու համար՝ ռուսակա՞ն, բրիտանակա՞ն, ամերիկյա՞ն, թուրքակա՞ն։ Իսկ գուցե Իրանի՞ ընկերությունները. պետություն, որի արտգործնախարարը 44-օրյա պատերազմից հետո առաջինն էր շնորհավորում Ալիևին «փայլուն հաղթանակի» կապակցությամբ։ Վերջապես, եթե այդ ընկերությունները խախտեն Արցախի ԱԺ-ի ընդունած օրենքը, ի՞նչ պատժի են արժանանալու։ Ի՞նչ հարկ կա Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման կարևորագույն և աշխարհի համար հասկանալի պահանջը թաղել այսպիսի անիրատեսական օրինագծի վերաբերյալ հրապարակած հայտարարության մեջ։ 

Թվում էր՝ գոնե պատերազմից հետո ներքին սպառման հեքիաթները, գոնե քաղաքականություն մշակողների ու պատասխանատուների մակարդակում, կվերանային։ Ի վերջո, ի՞նչ պետք է անի պատասխանատու իշխանությունը՝ գործողություն, որը հիմնված կլինի հաշվարկի վրա, և խնդիր կլուծի։ Տվյալ դեպքում՝ բացի Ադրբեջանին նոր սադրանքների դիմելու առիթ տալուց, այլ հարց Արցախի ԱԺ-ի բանաձևը չի լուծում։ Եթե Արցախի իշխանությունների խնդիրն այն է, որ Ադրբեջանը նոր սահմանային միջադեպեր հրահրի, անշուշտ, բանաձևը կատարյալ է իր իմաստում ու խորհրդում։ Սակայն արդյո՞ք առկա ուժային հարաբերակցության պայմաններում հայկական կողմին սահմանային միջադեպեր պետք են։ Ի վերջո, ե՞րբ պետք է վերջ տրվի հայրենակցական միություններին վայել պետական քաղաքականության արատավոր պրակտիկային՝ դուրս գալով ազգային, հայրենասիրական, «հայկական լուրեր» խորագրով ինքնանպատակ լրահոս լցնելուց։