Այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ պատասխանելով ընթացիկ ներքին և արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ հարցերին։
Անդրադառնալով Ռուս-Բելառուս Միութենական պետությանը միանալու հարցին՝ Քոչարյանը նշել է. «Եթե դու գնում ես գործոն դառնալու ուղղությամբ այս տարածաշրջանում, հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել Ռուս-Բելառուս Միութենական պետության շրջանակներում»։ Նա հավելել է, որ Ռուսաստանի հետ «մենք պետք է ունենանք շատ ավելի խորացված հարաբերություններ։ Միայն ՌԴ–ի հետ համագործակցությունն է Հայաստանի անվտանգության երաշխիքը»։
Ռոբերտ Քոչարյանը նաև անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին՝ զարմանք արտահայտելով, թե ինչո՞ւ են Հայաստանում դրանք այդքան տարօրինակ ընդունվել. «Լուկաշենկոն ասում է այն, ինչ մտածում է։ Անհասկանալի էր այն արձագանքը, որը Հայաստանում տեղի ունեցավ։ Այն, ինչ ասում էր Լուկաշենկոն, հնարավոր չէ համեմատել այն ամենի հետ, ինչ ասում էր Ալիևը։ Ինչո՞ւ են աքլորացել Լուկաշենկոյի պարագայում»։
Նախկին նախագահի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի բոլոր երկրները Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի ջերմ հարաբերություններ, բոլոր ոլորտներում։ Թուքիան և Ադրբեջանը նաև մաս են կազմում թուրքախոս մի կազմակերպության Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Անձնական շփումների առումով այդ պետությունների առաջնորդները շատ ավելի մտերիմ են Ադրբեջանի նախագահի հետ։ Հետևաբար մտածել, որ որևէ կերպ ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել մեր վրա այդ հարձակմանը կլիներ միամտություն. «Մնալ ՀԱՊԿ-ում, թե չմնալ։ Իհարկե՝ մնալ։ Չկա այլ կառույց, որը կփոխարինի ՀԱՊԿ-ին»։