Քաղաքական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Լիտվայի պետության վերականգնման օրվա կապակցությամբ: Ձեզ համար կարևորագույն այս տոնին բարեկամ լիտվացիներին մաղթում եմ բարեկեցություն, հետագա առաջընթաց և նորանոր ձեռքբերումներ, իսկ Լիտվայի Հանրապետությանը՝ խաղաղություն և բարգավաճում:

Հայաստանը մեծապես կարևորում է Լիտվայի հետ բարեկամական և փոխշահավետ գործընկերային հարաբերությունները և պատրաստակամ է ամրապնդելու և խորացնելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Հայաստանի և Լիտվայի միջև առկա փոխվստահության մթնոլորտը, հիմնված ընդհանուր արժեքների և պատմական կապերի վրա, ամուր հիմք է ստեղծում երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման և առկա ներուժի համակողմանի օգտագործման համար:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով առաջիկայում կկարողանանք կյանքի կոչել անցյալ տարի հոկտեմբերին Վիլնյուսում մեր միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև օգտագործել Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընձեռած հնարավորությունները հայ-լիտվական երկկողմ և բազմակողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար՝ ի շահ մեր պետությունների և ի բարօրություն մեր ժողովուրդների:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: