Տեսակետ

Արդյո՞ք կուրությունը խանգարում է ինձ...

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

ԱՐԴՅՈ՞Ք ԿՈՒՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԻՆՁ ԻՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՇԱՃՈՐԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ…

Թեև ամիսներ շարունակ ականջիս շշուկներ էին հասնում, որ զանազան մարդիկ տարբեր շրջանակներում պնդում են, թե իբր ես չեմ կարող բարձրաստիճան (հատկապես՝ պետական նախարարի) պաշտոն զբաղեցնել կուրության պատճառով, սակայն լուրջ չէի վերաբերվում դրանց՝ համարելով անտեղյակության, կարծրատիպերի և, միգուցե որոշ դեպքերում, քաղաքական ճղճիմ ամբիցիաների ու խանդի դրսևորումներ: Քանի որ հիմա այդ պնդումը հրապարակայնացվել է հանրային գործչի (Տիգրան Պետրոսյանի, ընդ որում՝ նախկին ակնաբույժ) կողմից, ստիպված եմ անդրադառնալ դրանց և նրա այլ պնդումների՝ միաժամանակորեն պատասխանելով այլոց անգիտակցական և դիտավորյալ սխալ պնդումներին իմ կուրության շուրջ:
1. Նախ, ինչ-որ տեղ ուրախ եմ, որ ինձ քննադատողները հիմնականում այլ «խոցելի» տեղ չեն գտնում, և միամտաբար կամ դիտավորյալ մատի փաթաթան են սարքում հաշմանդամությունս: Անգրագե՞տ եմ... Գող-ավազա՞կ եմ... Գոռոզ ու իշխանամո՞լ եմ... Անտարբե՞ր եմ... Խաբեբա՞ եմ... Դիլետա՞նտ եմ... Թե՞ իրական պետական գործչին ոչ հարիր որևէ էականորեն բացասական գիծ ու բիծ ունեմ: Եթե որևէ մեկի մոտ սուր կամ քրոնիկ քաղց կա ինձ քննադատելու, ապա խորհուրդ կտայի գոնե մի քիչ բովանդակային ու գործառութային քննադատություն հնչեցնել, որի հիմքերը, համապատասխան մտավոր կարողությունների առկայության դեպքում, կարելի է գտնել աշխարհի ցանկացած պաշտոնատար անձի մասով: Անկեղծորեն, ես միայն ուրախանում եմ, երբ լսում եմ սրտացավ ու կառուցողական քննադատություն իմ որևէ որոշման, գործողության կամ խոսքի հանդեպ՝ սիրով վերլուծելով այն, որպեսզի շտկեմ սխալներս ու բարելավեմ կատարողականիս մակարդակը, քանի որ ինձ համար պետական պաշտոնն ինքնանպատակ չէ, և ես առաջնորդվում եմ Հայրենիքիս համար ծառայության իմ սկզբունքներով ու արդյունքներով:
2. Որևէ մեկը կարո՞ղ է հոդաբաշխ կերպով բացատրել, թե կուրությունն ինչով է խանգարում պետական նախարարի իմ պարտականությունների պատշաճ կատարմանը: Իսկ դուք գոնե գիտե՞ք, թե ձեր պատկերացրած տեսողական հիմնական խնդիրները ես ինչպես եմ հաղթահարում, որպեսզի դրանք որևէ կերպ չազդեն ծառայությանս որակի վրա. գիտե՞ք, որ շատերիցդ ավելի լավ եմ համակարգիչ օգտագործում, որ բոլոր փաստաթղթերին անձամբ ծանոթանում եմ և ստորագրում էլեկտրոնային կերպով, որ ցանկացած փաստաթուղթ կարող եմ արագորեն լուսապատճենել ու ընթերցել համակարգչով կամ հեռախոսով, որ ելույթներս երբեք չեմ ընթերցում, որ բոլորիցդ բազմապատիկ անգամ ավելի լավ հիշողություն ունեմ, որ իմ լսողությամբ շատ ավելի տեղեկություններ եմ հավաքագրում և նրբություններ նկատում ու վերլուծում շրջապատում, քան՝ շատերդ՝ տեսողությամբ, որ ըստ կարիքի կարողանում եմ լրիվ ինքնուրույն կերպով տեղաշարժվել ցանկացած տեղանքում, և այլն, և այլն: Հիմա կարո՞ղ եք բացատրել, թե կուրությունն ինչով է խանգարում, եթե ոչ՝ օգնում ծառայությանս... 
Ասեմ, որ աշխատանքային հարաբերություններում միակ ուղղությունը, որտեղ որոշակի դժվարություններ եմ ունենում կուրության պատճառով, արարողակարգն է կոնկրետ միջոցառումների ժամանակ: Իսկ այդ պարագայում էլ ինձ ուղեկցող օգնականս գրեթե ամբողջությամբ լրացնում է տեսողական բացը, այնինչ արարողակարգային մանրամասները ես համարում եմ ոչ բովանդակային ձևականություններ, սակայն նույնիսկ այդ դժվարությունների պայմաններում իմ արարողակարգային վարքով չեմ զիջում պաշտոնատար անձանց գերակշիռ մեծամասնությանը:
3. Խոստովանեմ, որ իմ կողմից զբաղեցրած որևէ պետական պաշտոնում երբևէ կարիք չի եղել դիպուկահարի կամ վարորդի գործառույթ կատարել, բայց համոզված եմ, որ մի օր տեխնոլոգիական լուծումները նույնիսկ դրանք են հնարավոր դարձնելու կույրերի համար: Ուստի, եթե կարծում եք, թե այդ կարողություններն են ինձ պակասում արդյունավետ պետական պաշտոնյա լինելու համար, ուրեմն՝ մի քիչ էլ համբերեք...
Ի դեպ, կասե՞ք, թե արդյոք կուրության պայմաններում ավելի հեշտ էր Մարդու իրավունքների պաշտպան լինել, այն էլ՝ պատերազմական հանցագործությունները փաստագրելու առաքելությամբ, թե՞՝ պետական նախարար... Հաջորդ հարցս ուղղեմ այն անձանց, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ ընտրությունից առաջ կուլիսներում դեմ էին արտահայտվում իմ թեկնածությանը զուտ կուրության հիմքով. արդյո՞ք կարողացել եմ առնվազն արդարացնել ձեր հիմնավոր սպասումները և հաղթահարել կուրության հարուցած տեխնիկական դժվարությունները իմ մտավոր ու բարոյական որակների հաշվին:
4. Ի՞նչ եք կարծում՝ կա՞ որևէ բարձրաստիճան պաշտոն (այդ թվում՝ պետական նախարարը), որի համար ֆիզիկական կարողություններն ու տեխնիկական ձևականություններն ավելի մեծ կարևորություն ունեն, քան՝ մտավոր կարողություններն ու բարոյական արժեքները: Վերջիվերջո, արժե հիշել հայտնի ասացվածքը. «լավ է կույր աչոք, քան՝ կույր մտոք»... Եթե անկեղծորեն համամիտ եք այս ասացվածքի հետ, ապա կխնդրեի նույն անկեղծությամբ ասեք, թե Արցախում քանի պետական պաշտոնյա կգտնեք իմ ունեցած բազմակողմանի ու խորը կրթությամբ պետական կառավարման ու քաղաքագիտության ոլորտներում, քանիսը՝ իմ աշխատանքային փորձով ու արդյունքներով, քանիսը՝ իմ վերլուծական կարողություններով, քանիսը՝ իմ խոսքի գրագիտությամբ, քանիսը՝ իմ բարոյական արժեքներով ու սկզբունքներով, քանիսը՝ իմ սրտացավությամբ: Առանց իմ որևէ գործընկերոջ վիրավորելու կամ համեմատվելու բացասական միտման՝ անհամեստորեն պնդեմ, որ հաստատ վերջին շարքերում չեմ, որում կհամոզվեք նույնիսկ չոր կենսագրությանս ծանոթանալուց հետո: Ահա հղումը՝
http://gov.nkr.am/hy/prime-minister/
Ցավոք, կուրության հիմքով ինձ քննադատողների առնվազն ճնշող մեծամասնությունը նույնիսկ միջին պատկերացում չունի, թե ինչ են պետությունն ու պետական կառավարումը, օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, քաղաքականությունն ու միջազգային հարաբերությունները... 
5. Էլ չեմ խոսում Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու կարգավորումների մասին, որոնց համաձայն՝ արգելվում է խտրականություն որևէ հիմքով, իսկ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու համար հաշմանդամությամբ պայմանավորված սահմանափակում չկա: Արդյո՞ք պատահական ու անիրատեսական են ներպետական ու միջազգային նման կարգավորումներն ու իրավունքները:
6. Հետաքրքիր է՝ ձեր մտքով երբևէ անցե՞լ է, թե դուք ինչ պետք է անեք, որ մեր պետությունը դառնա հավասար հնարավորությունների միջավայր, որ մեր հազարավոր հաշմանդամ հայրենակիցներ (ի դեպ, նաև զինվորական) հնարավորություն ունենան ոչ միայն առօրյա արժանապատիվ կյանքի, այլև՝ իրենց ներուժը ծառայեցնելու Հայրենիքին: Թե՞ կարծում եք, որ հաշմանդամներն արդեն անպետք մարդիկ են հասարակության համար, որ մենք պետք է տնից դուրս չգանք, կրթություն չստանանք, ընտանիք չկազմենք, չաշխատենք, պետական որևէ պաշտոն չզբաղեցնենք... Ո՛չ, սիրելինե՛րս, սխալվում եք, հաշմանդամները պետք է լինեն այս հասարակության լիիրավ (կրկնում եմ՝ լիիրավ) անդամներ, և այդ հարցում յուրաքանչյուրից շատ բան կա կախված՝ առնվազն արդար ու արդյունավետ ընկալումների ձևավորման տեսքով: Իսկ դուք գիտե՞ք, որ կյանքում հաջողությունների հասած հաշմանդամներն Արցախում գլխավորապես իրենց անձնական ջանքերով են հաղթահարել և հաղթահարում բազմաթիվ միջավայրային խոչընդոտներ՝ և՛ ֆիզիկական, և՛ ընկալումային բնույթի, իսկ մեր երազած պետության մեջ ոչ ոք միայնակ չպետք է մնա միջավայրային խոչընդոտները հաղթահարելու ճանապարհին և բոլորի ներուժը պետք է առավելագույնս իրացվի հանուն Հայրենիքի ու ժողովրդի: 
Ավելին, եթե նման պայմաններում որևէ հաշմանդամություն ունեցող անձ կարողանում է ավելի մեծ ծառայություններ մատուցել Հայրենիքին ու ժողովրդին, քան՝ բազմաթիվ սովորական անձինք, արդյո՞ք դա չի նշանակում, որ տվյալ անձը շատ ավելի մեծ ջանքերի ու կարողությունների միջոցով է հասել այդ մակարդակին, քան նույն մակարդակին հասնում են սովորական անձինք: Ուստի, կարծում եմ, գիտակից ու սրտացավ մարդիկ պետք է առաջնահերթորեն ուրախանան, երբ տեսնում են արդյունավետորեն աշխատող պետական գործիչ, այն էլ՝ հաշմանդամ: 
7. Հիմա անդրադառնամ ինձ աշխատանքից ազատելու ոմանց անհիմն պնդումներին կամ բաղձանքին: 
• Նախ, պետական նախարարի պաշտոնից ինձ ազատելու գործնականում երկու ճանապարհ կա՝ Հանրապետության նախագահի կողմից և իմ դիմումով: Նախագահ Հարությունյանը շատ լավ գիտի իմ ուժեղ և թույլ կողմերը, իմ մասնագիտական կարողություններն ու բարոյական արժեքները, ինչպես նաև գիտի, որ պետական պաշտոնն ինձ համար ծառայության հնարավորություն է, ոչ թե՝ ինքնահաստատվելու կամ այլ նյութական ու ոչ նյութական անձնական խնդիրներ լուծելու միջոց: Նախագահը գիտի նաև իմ դիրքորոշումը, որ պատրաստ եմ առանց որևէ նազուտուզի լքել դիրքս, եթե ինքն այդպես որոշի: Քանի դեռ Հանրապետության նախագահը որոշում չի կայացրել ինձ աշխատանքից ազատելու, ուրեմն նպատակահարմար է գտնում իմ պաշտոնավարումը պետական նախարարի դիրքում:
• Իսկ ես ինքս դիմում կգրեմ աշխատանքից ազատվելու մասին այն դեպքերում, երբ զգամ, որ կա՛մ ինձնից անկախ կամ կախյալ պատճառներով չեմ կարողանում պատշաճորեն կատարել իմ պարտականություններն ու աշխատանքային նպատակները, կա՛մ այլ աշխատանքով կարող եմ ավելի արդյունավետ կերպով ծառայել Հայրենիքիս ու ժողովրդիս: Քանի դեռ նման դիմում չեմ գրել, ուրեմն նշված երկու իրավիճակներից ոչ մեկն առկա չէ:
8. Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին իմ մասնակցության հնարավորության մասին զրույցներին, ապա այստեղ ևս սխալ մեկնաբանությունների ու շահարկումների պակաս չկա:
• Նախ, զարմանում եմ ոմանց շտապողականության վրա, երբ պետությունում այսքան շատ ու հրատապ հիմնախնդիրներ են սպասում բոլորիս սրտացավ ու քրտնաջան աշխատանքին, ինչպես նաև երբ դեռ որևէ հստակություն չկա առաջիկա քաղաքական գործընթացների բնույթի ու ժամկետների առումով:
• Վերջին ասուլիսի ժամանակ (հունվարի 18), լրագրողի հարցին ի պատասխան, հայտարարեցի, որ չեմ բացառում ընտրություններին իմ մասնակցությունը: Շատերը մեկնաբանեցին այդ ասածս ինչպես ուզեցին կամ ինչպես իրենք նկատի կունենային: 
• Իմ պատասխանի կոնտեքստից հասկանալի է, որ խոսքը Ազգային ժողովի հնարավոր արտահերթ ընտրությունների մասին է, քանի որ խոսքիս մեջ նշել եմ, որ իմ կարծիքով պետք է սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական - ընտրություններ տեղի ունենան, և դրանից հետո չեմ բացառել առաջիկա ընտրություններին մասնակցությունս: Իսկ նախագահական հնարավոր ընտրություններին որևէ մեկի մասնակցության մասին նույնիսկ խոսելն անլուրջ եմ համարում առկա անորոշությունների պայմաններում:
• Պետք է հաշվի առնել, որ պարզապես չեմ բացառել մասնակցությունս ընտրություններին, քանի որ հիմք չունեմ բացառելու, ոչ թե հայտարարել եմ որոշմանս մասին: Դեռ վաղաժամ եմ համարում դրա մասին լրջորեն մտածելու: 
• Վերահաստատում եմ դիրքորոշումս, որ դեռ Հանրապետության նախագահն ու Ազգային ժողովը, որպես քաղաքական համակարգի առաջնային դերակատարներ, պետք է վերջնականապես հստակեցնեն քաղաքական գործընթացների բոլոր մանրամասները, որից հետո, ըստ անհրաժեշտության, ես որոշում կկայացնեմ որևէ քաղաքական գործընթացի իմ հնարավոր մասնակցության և դրա ձևաչափի վերաբերյալ: Այո՛, ես ունեմ և՛ սահմանադրական ու բարոյական իրավունք, և՛ ասելիք ու անելիք, և՛ անցած համապատասխան ճանապարհ, և՛ բավարար հանրային վստահություն, որպեսզի ինձ թույլ տամ ակտիվ մասնակցություն ունենալ ցանկացած քաղաքական գործընթացի, սակայն նման որոշումները կայացնելու եմ ըստ անհրաժեշտության և պատշաճ ժամանակահատվածում:
Իսկ հիմա իմ գլխավոր անելիքը պետական նախարարի դիրքում պարտականություններիս պատշաճորեն կատարումն է, ինչի համար չեմ խնայում իմ մտավոր ու ֆիզիկական կարողությունները և գերագույն հաճույք եմ ստանում Հայրենիքիս ու ժողովրդիս համար ձեռքբերված հերթական արդյունքի կապակցությամբ: Ես իմ էությամբ ծառայող եմ և այդպիսին էլ կմնամ ողջ կյանքումս:
Հ.Գ. Իմ մտավոր կարողությունների վրա կասկածող անձանց հրավիրում եմ կույր (մտքով) շախմատ խաղալու, ֆիզիկական կարողությունների վրա կասկածողներին՝ Արարատի գագաթը բարձրանալու, իսկ սահմանափակությունները շրջանցող լուծումներ գտնելու կարողության վրա կասկածողներին՝ փաստահավաքությամբ զբաղվելու: Կցում եմ համապատասխան լուսանկարները, ինչպես նաև հորդորում հետաքրքրվողներին լսել հայերենով իմ TedX ելույթը՝ հաշմանդամության ու իմ կյանքի ճանապարհի մասին: