Արարատ Միրզոյանը գրեթե չի շփվում ՀՀ դեսպանների հետ
Մամուլ
12 Փետրվարի 2022, 9:57
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԳՆ մեր աղբյուրներն ասում են, որ նախարար Արարատ Միրզոյանը գրեթե չի շփվում աշխատակազմի և արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների հետ։ Նրանցից ոչ մեկը չի արժանացել նրա ընդունելությանը: Իսկ երբ նախարարի հետ ճշտելու հարցեր են ունենում, նրանց զանգերին պատասխանում են ԱԺ-ից ԱԳՆ տեղափոխված ջահել խորհրդական-օգնականներն ու տեղեկացնում, որ նախարարը չի կարող նրանց հետ խոսել կամ ընդունել, առաջարկում են իրենց հետ քննարկել հարցը։ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանին հարցրինք՝ Միրզոյանը նախարար նշանակվելուց ի վեր դեսպաններին երբևէ ընդունե՞լ է, և նրանց հետ կոմունիկացիան ի՞նչ տարբերակով է ապահովվում։
Խոսնակը փոխանցեց․ «ՀՀ ԱԳ նախարարը, բնականաբար, ամենօրյա կապի մեջ է օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված մեր դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ և համապատասխան հանձնարարականներ է տալիս թե՛ անձնական հանդիպումների, թե՛ հեռախոսային կապի, թե՛ այցերի և թե՛ դեսպանահավաքի միջոցով, որը տեղի է ունեցել մոտ 1 ամիս առաջ»»։
Հետևեք մեզ Telegram-ում