«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը «Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ,
Գիտեմ, որ շատերիդ չի հետաքրքրում սահմանադրական փոփոխությունները, սակայն եթե մենք որոշել ենք չլքել Արցախը, ապրել այստեղ մեր ընտանիքներով, ապա պարտավոր ենք մտածել վաղվա օրվա մասին։
Սահմանադրությունը մեր երկրի գլխավոր օրենքն է, և նաև նրա բովանդակությունից է կախված, թե ինչ երկրում են ապրելու մեր երեխաները, ուստի խնդրում եմ անտարբեր չմնալ։
Երևի հիշում եք, թե ինչպես էին քարոզում ներկա սահմանադրությունը՝ կառավարման կիսանախագահական համակարգը որպես թերի ներկայացնելով, «Այո՛ Արցախին» կեղծ լոզունգներով, ԱՀ հեռուստատեսության եթերով սահմանադրությանը դեմ մարդկանց ադրբեջանամետ անվանելով։
Իրականում այս սահմանադրությունը կարված էր մեկ մարդու համար, և ապահովում էր Բակո Սահակյանի համար այսպես կոչված «обнуление»։
Վերջերս, խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն է ճնշել, և որ ներկա սահմանադրությունը ստիպված են ընդունել Սերժի ճնշումների տակ։
Հիմա հարց է ծագում՝ արդյո՞ք Արայիկ Հարությունյանն ու մնացած մեզ ծանոթ քաղաքական գործիչները, որոնք այնքան էին անսկզբունք, որ ստիպված երկրի գլխավոր օրենք են ընդունել, այսօր իրավունք ունեն սահմանադրություն փոխելու։
Կարծում եմ, որ թե նրանք, թե ԱԺ-ի քաղաքական ուժերը բարոյական իրավունք չունեն իրենք իրենցով հանձնաժողովներ ստեղծելու։
Այդ հանձնաժողովում պարտավոր են ներգրավել մարդկանց, որոնք չեն ենթարկվի ցանկացած ճնշումների. առաջ կտանեն պետական, հանրային շահը։
Կփորձեմ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, հայցում եմ ձեր աջակցությունը»։