«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը «Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ,
Ցանկանում եմ հիշեցնել ձեզ Արայիկ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ կազատի զբաղեցրած պաշտոններից դասալիքներին և նրանց, ում հարազատները խուսափել են 44-օրյա պատերազմին մասնակցելուց։
Այս հայտարարությունն անելուց հետո երկար ժամանակ է անցել, բայց նրա կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել։
Արդյո՞ք դժվար է ճշտել, թե որ պաշտոնյան է խուսափել, կամ որ պաշտոնյայի, նախարարի, պատգամավորի որդին չի մասնակցել պատերազմին։
Այս բոլոր հարցերը հռետորական են, քանզի Արցախը շատ փոքր է, և հանրությունը տեղյակ է, թե ով որտեղ է եղել։
Այս ամենից կարող ենք պարզ հետևություն անել, որ դա Արայիկի շուրթերից հնչած հերթական սուտն էր։
Փաստորեն ստացվում է, որ զոհված, վիրավորված, պատերազմին մասնակցած մարդիկ սխալ են արել, հա՞: Ստացվում է, որ կարելի էր մի նկուղում գլուխ պահած, կամ Երևան թռած, իսկ հետո եկած, նույնիսկ պաշտոն էլ ստանձնած։
Սա կործանարար քաղաքականություն է, ինչը «հիվանդացնում» է մեր հանրությունը, պղծում է մեր արժեքները, այլասերում է Հայրենիքի հանդեպ մեր մեջ սերմանած գաղափարները։
Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով հետպատերազմյան ծանր վիճակն ու խուսափած մարդկանց թիվը, մենք ստիպված ենք հանդուրժել դասալիքներին, և չպահանջել օրենքով նրանց պատժելը (10 տարի ազատազրկում), բայց դե նրանք պետք է իմանան իրենց տեղը, թե չէ արդեն սկսում են իրենց լավ զգալ, նույնիսկ կռված տղաների հասցեին ռեպլիկներ անել։
Վախենամ, վերջում էլ «Դասալիքների ու խուսափածների» կուսակցություն ստեղծեն՝ ընտրություններին մասնակցեն»...