Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այսօր անդրադարձել է ԱՀ խորհրդարանական խմբակցությունների ներկայացրած «Բռնազավթված տարածքների մասին» օրենսդրական նախագծին` նշելով, թե այն կարևոր փաստաթուղթ է լինելու. «Եվ դա մեր տեսլականն է, դա կարևոր է և՛ քաղաքական, և՛ պատմական, և՛ բարոյական տեսանկյուններից: Ընդհանրապես կարևոր քայլ է, և այդ գործընթացը ինքնին շատ կարևոր է»։
Ըստ այդ օրինագծի՝ օտարերկրացիների ելումուտը Արցախի՝ օկուպացված տարածքներ թույլատրվում է միայն Արցախի օրենսդրությամբ սահմանված կարգով։ Արգելվում է նաև այդ տարածքներում օտարերկրյա ներդրումները, անշարժ գույքի առքուվաճառքը և այլն։
Արցախի ԱԺ խմբակցությունների օրինագիծը, ամենամեղմ տարբերակով ասած, անիմաստ է. այն ուղղակի ձևական բնույթ է կրում, և գործնականում պարզապես անհնար է կիրառել։
Ի՞նչ են անելու Արցախի իշխանությունները, եթե օրինակ համաշխարհային խոշորագույն կազմակերպություններից մեկը որոշի ներդրումներ անել այդ տարածքներում, ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվելու և ինչպե՞ս։ Նույնը՝ օտարերկրացիների ելումուտի մասին, այն էլ տարածքներում, որոնք միջազգային հանրությունը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս։ Նման դեպքերում ի՞նչ են անելու Արցախի իշխանությունները։ Հայտարարելու են նրանց «պերսոնա նոն գրատա» և վե՞րջ։ Բոյկոտելո՞ւ և արգելելո՞ւ են այդ ընկերությունների արտադրատեսակների ներկրումն Արցախ։ Եթե այդպես են անելու, ապա հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս վարվեցին թուրքական ապրանքների հետ պատերազմից հետո, եթե իհարկե, ինչ-որ որոշում կայացրել են։
Հիմա Դավիթ Բաբայանի հայտարարությունների մասին. եթե նման հայտարարություններ աներ որևէ շարքային քաղաքացի, որը բացարձակ անտեղյակ է աշխարհակարգից, Արցախի խնդրից, 44-օրյա պատերազմից, ընդհանրապես ամեն ինչից, ապա կարելի էր դեռ հասկանալ։ Բայց նման հայտարարություններ անում է մարդ, որը զբաղեցնում է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնը, և պետք է, որ ի պաշտոնե իմանար դիվանագիտական որոշ նրբություններ, նաև գիտակցեր՝ ինչպե՞ս կարող է կարևոր լինել մի նախագիծ, որը պարզապես անհնար է կիրառել և ի սկզբանե դատապարտված է ձախողման։
Ակնհայտ է, որ հերթական անգամ գործ ունենք կեղծ ռազմահայրենասիրության դրսևորումների հետ, երբ փորձում են խաղալ հասարակության զգացմունքների հետ, սնել կեղծ գաղափարներով, ինչպես արել են տարիներ շարունակ։ Ու որ ամենաանընդունելին է՝ այս ամենն անում են 44-օրյա աղետից հետո, երբ, թվում էր, թե գոնե կսթափվեին ու կփորձեին հասարակության հետ ազնիվ լինել՝ իրատեսորեն ներկայացնելով իրավիճակը:
Արման Գալոյան