Տեսակետ

ՍԴ որոշումների ուժը պետք է թղթի վրայից անցնի իրական կյանք

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«ՍԴՈ-1628 որոշման մասին: Երեկ կարդացի Սահմանադրական դատարանի որոշումը, որով ՍԴ-ն ԿՐԿԻՆ անգամ պահանջել է Վճռաբեկ դատարանից պատճառաբանելու իր՝ վճռաբեկ բողոքները վարույթ չընդունելու որոշումները: Որոշումն առանձնանում էր թե իր ձևով և թե իր բովանդակությամբ, ինչն անշուշտ ուրախացնող է: Հուսով եմ ՍԴ-ն հետևողականորեն կզարգացնի այս գործելաոճը:

ԲԱՅՑ, արդյո՞ք այն ազդեցություն կունենա իրավակիրառ պրակտիկայի վրա: Մենք ոչ վաղ անցյալում ունեցել ենք դեպքեր, երբ վճռաբեկ դատարանը ուղղակի չի կատարել ՍԴ որոշումները և այդ մասին բազմաթիվ հրապարակումներ էլ են եղել, այդ թվում հենց ՍԴ-ի կողմից:

ՈՒՍՏԻ, անհրաժեշտ է, որ ՍԴ որոշումների ուժը թղթի վրայից անցնի իրական կյանք, և այն ոչ թե պարտադրանքի հետևանք լինի, այլ ներքին մշակույթի:
ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ - Ներկայումս ՎԴ-ում վարույթ ընդունված գործերը միջինում քննվում են 2 տարի, սարսափում եմ մտածել, թե ինչ է լինելու ՍԴ այս որոշումից հետո, եթե ՎԴ-ն որոշի կատարել ՍԴ այս որոշումը: 5 թե՞ 6 տարի:

ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄ - Մի՞գուցե ՎԴ-ն այսուհետ վարույթ ընդունի բոլոր այն գործերը, որոնցով կոնկրետ օրենքի վերաբերյալ որոշում չի կայացրել և ըստ այդմ մերժի կամ բավարարի անձանց բողոքները: Այս պարագայում մի փոքր կծանրաբեռնվեն, բայց տարիներ անց արդեն հիմնավոր կերպով անձանց բողոքների ընդունումը կմերժեն կամ կընդունեն: Այս պարագայում մենք թերևս կունենանք կանխատեսելի դատական իշխանություն»: