Միջազգային

ԱՄՆ-ն դատապարտել է հայկական եկեղեցիները վնասելու Բաքվի քայլերը

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի նախագահ Նադին Մաենզան մտահոգություն է հայտնել եկեղեցիներից հայերեն գրությունները ջնջելու Ադրբեջանի մտադրության կապակցությամբ։ «Մենք խորապես մտահոգված ենք եկեղեցիներից հայ առաքելական արձանագրությունները հեռացնելու Ադրբեջանի ծրագրերով։ Մենք կոչ ենք անում կառավարությանը պահպանել և պաշտպանել պաշտամունքի վայրերը և այլ կրոնական և մշակութային վայրերը», - հայտարարել է Մաենզան:

Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ջնջել հայկական մակագրությունները կրոնական վայրերում այն տարածքում, որը հետ է վերցրել 2020 թվականին Հայաստանի հետ պատերազմի ժամանակ։ Ադրբեջանը հիմնավորել է այդ քայլը` պնդելով, որ եկեղեցիներն ի սկզբանե եղել են Կովկասյան Ալբանիայի ժառանգությունը, որը ժամանակին գտնվում էր ներկայիս Ադրբեջանի տարածքում: Տեսությունը, որը չի պաշտպանվում հիմնական պատմաբանների կողմից, երկար ժամանակ քարոզվել է ազգայնական ադրբեջանցի պատմաբանների կողմից և ընդունվել Բաքվի ներկայիս կառավարության կողմից: