Քաղաքական

Ամենակարևորը իշխանության տարբեր թևերի միջև հավասարակշռություն պահելն է

ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանն այսօր անդրադարձել է նախագահի լիազորություններին՝ շեշտելով, որ ամենակարևորը իշխանության տարբեր թևերի միջև հավասարակշռություն պահելու խնդիրն է. «Նախագահը ոչ թե պետք է որևէ մեկի կողմը կանգնի, պաշտպանի կամ չպաշտպանի, այլ պետք է գտնի այն լուծումը, որն ընդունելի է և որը նաև երկրի տարբեր իրավիճակներում ցնցումներ չի առաջացնի»։

Ըստ նրա, մարդը, որը գալիս է նախագահի պաշտոնին, Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակում պետք է կայացնի այդ ինստիտուտը. «Նախագահը հնարավորություն ունի որոշում կամ օրենք ներկայացնողների հետ աշխատել մինչ դա: Դա շատ լավ հնարավորություն է: Նախագահի ինստիտուտը նրա համար է, որ բոլորին բերի մի հարթակ, որը կոչվում է նախագահի ինստիտուտ, որտեղ լսի բոլորի տեսակետները: Նախագահի ինստիտուտին վերագրելը, որ ինքը պետք է քաղաքական որևէ ուժի պատվերը կատարի, սխալ մոտեցում է»: