Տեսակետ

Ալիևի նոր՝ հակահայ քաղաքականությունը

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Ալիևի չափազանց լավ ու ճշգրիտ պլանավորած հայատյացության քաղաքականությունը կարծես դեռ խորությամբ չի ընկալվում, հետևաբար նաև դրա հետևանքների կանխման դեմ գործողություններ չեն արվում։ 
Մի շատ կարևոր հանգամանք դուրս մնաց երեկ գերիների վերադարձման գործընթացից. Ալիևը պահանջել է գերիների դիմաց ստանալ «տեղեկություններ առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակչության մասին», որոնք, ըստ Ադրբեջանի, «հուղարկավորվել են եղբայրական գերեզմանոցներում» և պահանջում է այդօրինակ զանգվածային հուղարկավորությունների վայրերի մասին տեղեկություններ։ 

Ալիևի համար իր երկրի քաղաքացիները ոչինչ են և նրան բացարձակ պետք չեն իր քաղաքացիների գերեզմանները, սա բոլորովին այլ պատճառ ունի և դա ծրագրի կարևոր մասն է։ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի առաջին պարտությունից հետո շատ լավ հասկանում են, որ հաջորդն ավելին է լինելու, և Խոջալուի սուտը պետք է հիմնավորել, հայերի կողմից պատերազմական հանցագործությունների կեղծ թեզով, հայերին ռասիստներ հռչակելով պետք է շղարշել իրենց իսկ գործած պատերազմական հանցագործություններն ու շարունակաբար իրականացվող հայատյացության  ռասիստական քաղաքականությունը։ 

Այս նույն համատեքստում է մեկնարկել Նժդեհի դեմ նոր հիստերիաների շարքը և ոչ թե պարզ, էմոցիոնալ, ինչպես բնորոշում է ՀՀ վարչապետը «միամտաբար», այլ լուրջ ուսումնասիրությունների հիմքով մշակված  քաղաքականությամբ, որին մինչ այժմ  ոչնչով չենք հակադարձում ու կրկին հետևանքներն անդառնալի են լինելու»։