Միջազգային

ԱՀԿ-ն կոչ է անում մարդկանց չհանել դիմակները

Օմիկրոնի արագ տարածման ֆոնին Եվրոպայի ավելի ու ավելի շատ երկրներ են վերացնում կամ մեղմացնում սանիտարական սահմանափակումները։ Օմիկրոնը չափազանց վարակիչ, բայց բարորակ շտամ է ճնշող մեծամասնության համար: Դրա տարածման միտումը լրջորեն անհանգստացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որտեղ չեն բացառում վիրուսի հետագա մուտացիան։ «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին պաշտպանել իրենց բնակչությանը՝ օգտագործելով իրենց զինանոցում առկա միջոցները, և դրանք միայն պատվաստանյութերը չեն։ Դեռ վաղ է ցանկացած պետության համար հաղթանակ հռչակելը։ Այս վիրուսը վտանգավոր է, այն շարունակում է զարգանալ մեր աչքի առաջ»,- ասել է ԱՀԿ գլխավոր քարտուղար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը: Դանիան դարձել է Եվրամիության առաջին երկրներից մեկը, որտեղ փետրվարից վերացվել են բոլոր սահմանափակումները, և Covid-ը ճանաչվել է իբրև հիվանդություն, որը կրիտիկական վտանգ չի ներկայացնում հասարակության համար։


Իշխանությունները նշում են, որ վարակվածության բարձր մակարդակը չի ուղեկցվում հոսպիտալացումների աճով՝ հաշվի առնելով պատվաստվածների և վերապատվաստվածների բարձր տոկոսը։ Առանց դիմակների կրկին շփվելու հնարավորությունը հուսադրող է, բայց նաև մի փոքր վախեցնող։ «Սա հիանալի նորություն է, բայց ես մի փոքր վախենում եմ, - ասում է Կոպենհագենի 60-ամյա բնակչուհին։ - Տնից դուրս գալուց առաջ ես պայուսակիս մեջ մի դիմակ եմ դնում։ Եթե շատ մարդաշատ տեղ հասնեմ, մտածում եմ,  որ կկրեմ այն։ Կորոնավիրուսը դեռ չի անհետացել, բայց ազատության զգացումը, իհարկե, հրաշալի է»։ Նմանատիպ ճանապարհով է գնում նաև Նորվեգիան՝ վերացնելով պարտադիր հեռավար աշխատանքը և մարդաշատ հաստատություններում սահմանափակումները։ Ֆրանսիան նաև վերացնում է խաղերի, համերգների հանրային մուտքի սահմանափակումները և փողոցում դիմակ կրելու պահանջը: «Այս բոլոր զիջումները նախատեսված են միայն պատվաստված քաղաքացիների համար, քանի որ առանց պատվաստման նշանի մեծահասակներին արգելվում է մուտք գործել պետական ​​հաստատություններ», - հաղորդում է Euronews-ը։