Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«ՄԱԿ-ի արդարադատության դատարանի (ICJ) կողմից միջանկյալ միջոցների հրապարակումից ուղիղ երկու ամիս անց արդեն ակնհայտ է, որ հակառակ կողմը կոպտորեն խախտում է դրանց առնվազն երկու առանցքային պահանջ.
1. Հայերի հանդեպ ատելության քարոզը պետական ամենաբարձր մակարդակով ոչ միայն չի դադարել, այլև դրսևորվում է նոր, ֆանտազիայի ժանրի գլուխգործոցի հասնող ստահոդ ստերեոտիպներ արմատացնելու և հերթական սերունդ հայատյաց ոգով աճեցնելու միջոցով։ Դա բևեռայնորեն հակասում է խաղաղության հայեցակարգին։
2. Արցախի մշակութային պատմության աղավաղման, մշակութային ժառանգության ուծացման և հուշարձանների վրայից հայկական հետքերը ջնջելու միջոցով հակառակ կողմը շարունակում է պետական մակարդակով, համակարգված ձևով և բացահայտորեն անդառնալի վնաս հասցնել հայկական հուշարձաններին և դրանք ներկայացնել որպես ոչ հայկական։
Մեր իշխանությունները ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի ընթացակարգերի համաձայն պետք է բարձր մակարդակով պաշտոնապես և առանց հետաձգելու դատարանին ծանուցեն այս կոպիտ և անդառնալի վնաս հասցնող խախտումների մասին։ Հապաղումը հղի է տարբեր բնույթի՝ դիվանագիտական, իրավական, անվտանգային և մշակութային անդառնալի հետևանքներով»։