Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Լրահոսում կարդում եմ, որ ամենայն հայոց կաթողիկոսը հայ-իրանական հարաբերության թեմայով գիտաժողովին ուղերձ է հղել երկու երկրների դիվանագիտական հարաբերության 30-ամյակի կապակցությամբ: Ըստ տեղեկության, ուղերձը բարձր է գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը 44-օրյա պատերազմի ընթացքում:
Իսկապես, Իրանը սկզբունքորեն փակ է պահել Հայաստան սպառազինության բնականոն մատակարարման ճանապարհը, դրա համար արժանանալով նաև Ադրբեջանի հետպատերազմյա գնահատականներին: Իրանի այդ ժամանակաշրջանի վարքագծի այլ դրսևորումների մասին թերևս չարժե ծավալվել, թեև մյուս կողմից իհարկե ծավալվում են «առասպելական» մտքեր այն մասին, թե Իրանը Հայաստանին առաջարկել է սպառազինություն, բայց Երևանը հրաժարվել է: Այն դեպքում, երբ իրականությունը թերևս հակառակն է:
Ինչ խոսք, Իրանն անշուշտ ունի իր հաշվարկներն ու շահերը և այդ առումով էլ, եթե մենք ունեցել ենք որոշակի պատրանքներ մինչև պատերազմը, ապա դրանից հետո գոնե պետք է գնահատենք իրողությունները: Այդ ամենով հանդերձ, Իրանի հետ Հայաստանի գործակցությունը, դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, անգամ անվտանգության ոլորտում աշխատանքը շատ կարևոր են: Պարզապես, այդ ամենում գնահատականներ հնչեցնելիս գոնե չխոսենք 44-օրյա պատերազմում Իրանի քաղաքականության մասին, չմեղադրենք, բայց նաև չգնահատենք «սկզբունքայնությունը»»: