Քաղաքական

44-օրյա պատերազմի զոհերի թիվը ճիշտ է և չի թաքցվում

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը պնդում է, որ 44-օրյա պատերազմի զոհերի թիվը ճիշտ է և չի թաքցվում։

Նա գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում՝ շեշտելով. «Չէի ուզի այս ցավոտ հարցին անդրադառնալ, բայց նույնիսկ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այս հարցի շուրջ վարչապետի մեկնաբանությունից հետո չդադարող մանիպուլյացիաներն ու կեղծիքը, որոնք հաճախ անցնում են բարոյականության սահմանը, ստիպում են ինձ դա անել: Ցավալին այն է, որ դա անում են նաև մարդիկ, որոնք եղել են զինված ուժերում ղեկավար պաշտոնների, նույնիսկ գերագույն գլխավոր հրամանատար են եղել և շատ լավ գիտեն, թե այդ թվերը ինչպես են ձևավորվում, ովքեր են այն մարդիկ, որ այդ վիճակագրությունը տալիս են: Նրանք նաև շատ լավ գիտեն, որ պատասխանատուները պրոֆեսիոնալներ են և կեղծիքի երբեք չեն գնա, ավելին` նրանց մեծ մասին հենց իրենք էլ ժամանակին նշանակել են այդ պաշտոններում»:

Ըստ Թորոսյանի, ինքը համոզվել է, որ պետական կառավարման մարմինները չեն թաքցրել հայկական կողմի կորուստների իրական թվերը դեռ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։

Թորոսյանը հիշեցրել է, որ ինքն այն ժամանակ զբաղեցնում էր Արցախի պաշտպանության բանակի ռազմաբժշկական բաժնի վիճակագրի պաշտոնը և ինքն էր մասնակցում վիրավորների թվի հավաքագրմանը. «Հիմա վերադառնալով 44-օրյա պատերազմին` ուզում եմ տեղեկացնել, որ Քննչական կոմիտեում մեր զոհերի թվի մասին տեղեկատվությունը ձևավորվում է` հիմնվելով մեր դատաբժշկական ծառայության կողմից զոհերի մարմինների և մասունքների դատաբժշկական (ներառյալ` դատագենետիկական) փորձաքննության վրա: Երկու պետական մարմիններն էլ եղել են Ստեփանակերտում` սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, անձամբ բազմիցս ներկա եմ եղել այդ գործընթացին և ուզում եմ ասել, որ միայն մեր ժողովրդին ավել ցավ պատճառել ցանկացող անձը կարող է կեղծել այս, արդեն իսկ անասելի ցավ պատճառող թվերը ու փորձել մեր կորուստները ներկայացնել ավելին, քան կան:

Միայն մեր կորուստների վրա հակառակորդի հրճվանքը ցանկացող անձը կարող է ասել, որ մենք ոչ թե 3812 զոհ ենք ունեցել (և 217 անհետ կորած անձ), այլ 5000, 6000 կամ ավելին: Միայն բարոյականության հետ խնդիրներ ունեցող անձը կարող է ասել, որ մենք տասնյակ հազարավոր վիրավորներ ենք ունեցել` մոտ 7500-ի փոխարեն»: