Սեփականացման հարցը լուծվում է, բոլորի համար է լուծվում, օրենքով է լուծվում։ Մենք օրենքի նախագիծ ենք շրջանառում, որով լուծում ենք հին սեփական տների հարցը։ Այս մասին այսօր Արաբկիր վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ, Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը` նշելով, որ դա նաև վերաբերելի է Կոնդ, Նորագյուղ, Երրորդ, Չորրորդ գյուղեր, Դավթաշեն և այդպես շարունակ։
«Այդ ունիվերսալ լուծումը տալու ենք և հույս ունեմ, որ մինչև տարեվերջ հասցնելու ենք»,- ասաց Տիգրան Ավինյանը և հիշեցրեց վերջին մեկ տարվա աշխատանքները։
Տիգրան Ավինյանը նաև անդրադարձավ Թբիլիսյան խճուղու խցանումների հարցին և նշեց, որ այդ հարցը լուծում է ստանալու, քանի որ շրջանցիկ ճանապարհ է կառուցվելու։ Քաղաքացիներն իրենց մտահոգող ամենատարբեր հարցերով դիմեցին Տիգրան Ավինյանին՝ կոյուղուց մինչև ասֆալտապատում, աղբամանից մինչ խաղահրապարակ ու մանկապարտեզ։ Տիգրան Ավինյանը հավաստիացրեց, որ բոլոր հարցերը հերթով լուծում են ստանալու։