Վերլուծություն

24 տարի առաջ վճռվեց Հայաստանի զարգացման ուղին

24 տարի առաջ՝ փետրվարի 3-ին, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Այս տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ բազմաթիվ վարկածներ ու վերլուծություններ են հնչել՝ դրանք ներկայացնելով ինչպես Հայաստանի ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական գործընթացների համատեքստում։ 

1998թ. փետրվարին տեղի ունեցածն ավելի ևս վերաիմաստավորվեց 2020թ. 44-օրյա պատերազմից հետո՝ նկատի ունենալով, որ նախագահական հրաժարականի հրապարակային պատճառը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ներիշխանական տարաձայնություններն էին։ Եթե Տեր-Պետրոսյանը հակված էր ընդունելու Մինսկի խմբի համանախագահների՝ 1997թ. սեպտեմբերյան փուլային կարգավորման առաջարկը, ապա վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը և Ներքին գործերի ու Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը հանդես եկան հակամարտության «ակտիվ» սառեցման և ձգձգման դիրքորոշմամբ։ Արձանագրված հակասությունները, ի վերջո, հանգեցին իշխանության ճգնաժամին և դրա լուծմանը իշխանության մի թևի հեռացման միջոցով։

Իշխանության ներսում վերադասավորումների և դրա թևերից մեկի հեռացման, մյուսի՝ ամբողջական իշխանության ստանձնման պատմական այդ իրադարձությունն ապրիորի կարելի էր սովորական իշխանափոխության դասագրքային օրինակ համարել՝ պալատական հեղաշրջման տարբերակով։ Սակայն Հայաստանի համար այդ իրադարձությունը ավելին էր, քան սովորական իշխանափոխությունը։ Այն հանրային-քաղաքական ընտրություն էր՝ Հայկական պետության զարգացման երկու ուղիների միջև՝ պատերազմի և խաղաղության ճանապարհով։ Ներիշխանական հակասությունը հանգում էր հետևյալ հարցադրմանը՝ Հայաստանը, որպես պետություն, պետք է զարգանար հակամարտությունը լուծա՞ծ լինելով, թե՞ հակամարտության բեռով։ Այդ դիլեմայում, փաստացի, հաղթեց երկրորդ ճամբարը՝ «զարգանալ չզիջելով» բանաձևով։ 

Վերոնշյալ ընտրանքի հետ, փաստացի, հաշտ էր քաղաքական գրեթե ողջ դասը՝ կուսակցություններն ու անհատ քաղաքական գործիչները, ինչպես նաև հասարակության մեծամասնությունը՝ նկատի ունենալով, որ հանրային ըմբոստություն տեղի չունեցավ, իսկ 1998թ. արտահերթ նախագահական ընտրություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վերաբերյալ բանավեճի հանրային պահանջ չկար։ Ըստ այդմ՝ 1998թ. փետրվարին Հայաստանի սոցիալ-քաղաքական դաշտը՝ մի մասը՝ ակտիվ, մի մասը՝ պասիվ դիրքավորմամբ, հավաքականորեն ընտրեց հակամարտության պայմաններում զարգանալու ճանապարհը։ Ընտրություն, որի համար պատասխանատվության հաշիվ պահանջվեց 2020թ. աշնանը։