Միջազգային

Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ

Մադրիդի և Բուենոս Այրեսի միջև լուրջ դիվանագիտական հակամարտություն է սկսվել։

Radar Armenia–ին հայտնի դարձավ, որ պատճառը Իսպանիայի տրանսպորտի նախարարի հայտարարություններն են այն մասին, թե Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը իբր թմրանյութ է օգտագործել։ 

Իսպանիայի տրանսպորտի նախարարության ղեկավար Օսկար Պուենտեն ասել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Միլեյը ինչ-որ «նյութեր» է օգտագործել:

Նա նաև համեմատել է անցյալ տարվա վերջին Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթած Միլեյին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը Հանրապետական կուսակցությունից կրկին առաջադրվել է այդ պաշտոնում:

Նկարագրելով նախընտրական քարոզարշավի ժամանակ հեռուստաեթերում Միլեյի հայտնվելը՝ նախարարն ասել է, որ իրեն հայտնի չէ, թե նա ինչ վիճակում է եղել՝ «նյութեր ընդունելուց առաջ, թե հետո»: 

Ի պատասխան՝ Արգենտինայի նախագահի աշխատակազմը հայտարարություն է արել, որում ասվում է, որ Իսպանիան այժմ ավելի կարևոր դասեր ունի, քան Միլեյի գործողությունների քննարկումը, մասնավորապես՝ կոռուպցիայի մեղադրանքները, որոնք ներկայացվել են երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի կնոջ դեմ. հայտնում է BBC–ն։