Միջազգային

«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի

Ուկրաինան առաջիկա ամիսներին ռուսական ուժերի լայնածավալ հարձակում է ակնկալում ռազմաճակատում: Այդ մասին մայիսի 2-ին The Economist հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին: Նրա կանխատեսումներով՝ արդեն մայիսին ՌԴ բանակը հարձակման կգնա Արևելքում, որից հետո կսկսի իր ուժերը ավելացնել Խարկովի և Սումիի շրջաններում։ Դոնեցկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հենակետի՝ Չասով Յարի հանձնումը բարձրաստիճան գեներալն անվանել է «ժամանակի հարց»։

Սկիբիցկին նշել է, որ այս պահին Ռուսաստանն ունի ընդհանուր առմամբ 514․000 ցամաքային զորքերի զինծառայող և նախատեսում է ընդլայնել անձնակազմի թիվը՝ ռեզերվներ ներգրավելով: Իր հերթին, Ուկրաինայի զինված ուժերը տառապում են կադրային սովից և սպառազինությունների պակասից: «Շաբաթներ կանցնեն, մինչ ԱՄՆ-ի օգնությունը կհասնի առաջնագիծ։ Դժվար թե այն կարողանա համեմատվել ռուսական արկերի պաշարների հետ կամ արդյունավետ պաշտպանություն ապահովել Ռուսաստանի ոչ տեխնոլոգիական և կործանարար կառավարվող ավիառումբերից», - հայտարարել է Սկիբիցկին։ 

Սկիկիցկին Ուկրաինայի համար միայն մարտի դաշտում պատերազմը հաղթելու հնարավորություն չի տեսնում․ «Նույնիսկ եթե Ուկրաինային հաջողվի ռուսական զորքերը ետ մղել դեպի նախապատերազմյան սահմանները, ինչը գնալով ավելի հեռավոր հեռանկար է դառնում, դա, միևնույն է, չի վերջացնի պատերազմը։ Նման պատերազմները կարող են ավարտվել միայն պայմանագրերով»։