Միջազգային

ԱՄՆ-ն, ՄԹ-ը և ԵՄ-ը ճնշում են գործադրում ԱՄԷ-ի վրա Ռուսաստանի հետ առևտրի պատճառով

ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Եվրամիության երկրների պաշտոնյաները Ռուսաստանի հետ առևտրային համագործակցության պատճառով ճնշում են գործադրում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ)-ի վրա․ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գործակալության տեղեկություններով՝ արևմտյան երկրները մտավախություն ունեն, որ արաբական ընկերությունները կարող են մասնակցել Ռուսաստան երկակի նշանակության ապրանքների մատակարարմանը:

Reuters-ի զրուցակիցները պատմել են, որ անցած շաբաթ արևմտյան մի քանի պաշտոնյա այցելել են ԱՄԷ, որտեղ մի շարք հանդիպումներ են ունեցել տեղի իշխանությունների հետ: Նրանք ԱՄԷ-ի ներկայացուցիչներին խնդրել են կիսվել Ռուսաստան արտահանման և երկակի նշանակության ապրանքների վերաարտահանման վերաբերյալ տվյալներով։ Նրանք նաև տեղեկատվություն են խնդրել ազատ տնտեսական գոտիներում աշխատող ընկերությունների վերահսկողության մասին։ Արևմտյան պաշտոնյաներին հետաքրքրում է համակարգչային չիպերի, էլեկտրոնիկայի, սարքավորումների և այլ ապրանքների մատակարարումը, որոնք կարող են օգտագործվել ռազմական ոլորտում: