Միջազգային

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը և դրա հետևանքներին: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

Պաշտոնական Կրեմլի տարբերակը

«Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-2022 թվականների հայտնի պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման գործնական ասպեկտները, ներառյալ՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ քայլերը:

Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակի քննարկման ընթացքում Վլադիմիր Պուտինն ընդգծել է ծագող բոլոր հարցերը կառուցողական ճանապարհով լուծելու, ռուս խաղաղապահների հետ սերտ շփման և փոխգործակցության անհրաժեշտությունը»։