Հասարակություն

Վերականգնվել է Աղավնաձորում գտնվող հողամասերի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը

Գործադիրն ընդունել է «Գույք ամրացնելու մասին» որոշում:

Հիմնավորման համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ տեղեկացնելով, որ ս.թ. փետրվարի 9-ի վճռով ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի, Աշոտ Վաղինակի Խաչատրյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի և անվավեր է ճանաչել 2007 թ. մայիսի 26-ին իրականացված թիվ 4 և թիվ 5 լոտերի աճուրդները և որպես հետևանք անվավեր է ճանաչել Կոտայքի մարզպետի և Աշոտ Խաչատրյանի միջև 2007 թ. մայիսի 31-ին կնքված համապատասխան առուվաճառքի պայմանագրերը, նշված գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումները:

Ըստ այդմ՝ վերականգնել է Կոտայքի մարզ, Աղավնաձոր վարչական շրջանին հարող յուրաքանչյուրը 0.5 հա երկու հողամասերի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը: ՀՀ գլխավոր դատախազությունը գրությամբ միաժամանակ տեղեկացրել է, որ վճռի հիման վրա Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի Աղավնո աղբյուր թաղամասի թիվ 27 և թիվ 28 հողամասերի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը: Որոշմամբ՝ առաջարկվում է հողամասերն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։