Հասարակություն

Նոր հնարավորություն բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների համար

ՀՀ կառավարությունն առաջարկում է օժանդակության ծրագիր իրականացնել բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների համար, որպեսզի կամ փոխհատուցվի նրանց ուսման վճարը, կամ մասնակցության հնարավորություն տան վերապատրաստումներին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սա հնարավորություն կտա ոլորտին նվիրված, երկարամյա փորձ ունեցող, համակարգ վերադառնալ ցանկացող, սակայն օրենքին չհամապատասխանող անձանց՝ բարելավել սեփական կրթությունը, նաև՝ համալրել ուսուցչական թափուր տեղերը։

Նշենք, որ 2021 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ուսհաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։

Ըստ որոշման հիմնավորումների՝ «թեև 2023 թվականի սկզբին կատարված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ չնայած բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել բարձրագույն կրթություն, այդուհանդերձ, համակարգում դեռևս շարունակում էին մնալ ավելի քան 1300 ուսուցիչ, որոնք բարձրագույն կրթություն չունեին, շարունակում էին դասավանդել և, օրենքի պահանջի համաձայն, 2023թ․ օգոստոսի 20-ից պետք է դադարեցնեին ուսուցչական աշխատանքը։

Նախարարը նշել է, որ նախնական վերլուծություններով՝ ավելի քան 150 հոգի ցանկություն ունի ստանալ բարձրագույն կրթություն, իսկ շուրջ 500 ուսուցիչ ցանկացել է վերապատրաստվել։