Հասարակություն

«Պարզվում է՝ կովերն էլ են մինուս 20-ին իրենց լավ զգում». Գուրգեն Արսենյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Պարոն Քերոբյան, կարող եք ետ գալ, Ձեզ էի տալու հարցը»,- դիմելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Մինչև հիմա գիտեի՝ հյուսիսային եղջերուներն են մինուս 20-ին լավ զգում։ Հիմա պարզվում է՝ կովերն էլ են իրենց լավ զգում մինուս 20 սառնամանիքին»,- ասաց Արսենյանը։

Ավելի վաղ Վահան Քերոբյանը խոսել էր տավարաբուծության մասին և ասել, թե խոշոր եղջերավոր կենդանիների համար որքան ցուրտ, այնքան լավ. «Մինուս 20-ը ավելի լավ ջերմաստիճան է, քան +20-25-ը։ Դրա համար էլ Գեղարքունիքում խոշոր եղջերավոր անասնապահությունը զարգացած է․ հարմար բնակլիմայական պայմաններ են»։

Գուրգեն Արսենյանի հարցին, սակայն, պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պատմեց, որ քննարկում է ունեցել Հայաստանում գործունեություն ծավալող հեղինակավոր գյուղատնտեսական կազմակերպության հետ. «Քննարկել ենք խելացի անասնագոմերի ծրագիրը, և երբ ես էլ, գյուղում երկար ապրած լինելով, բարձրացրի այդ հարցը, թե գոմերի տաքացման խնդիրը ոնց է լուծվելու, փորձագետներն ասացին՝ ի՞նչ գոմերի տաքացման թեմա»։

Վարչապետը նաև կատակեց. «Եթե կովը ցրտադիմացկուն չի, ինքը կով չի»։

Փաշինյանը խոսեց վաճառվող կաթնամթերքի մասին՝ շեշտելով սննդի անվտանգության կարևորությունը։